23.11.2024
Մեր ներքին ու արտաքին թշնամին նույնական են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իսկ ի՞նչ է հետաքրքրում նախկին արտգործնախարարին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին այլեւս չի հետաքրքրում ոչ դիվանագիտությունը, ոչ քաղաքականությունը՝ «Ես ինձ լրիվ դուրս եմ մղել թե դիվանագիտությունից, թե քաղաքականությունից, ես հիմա շարքային քաղաքացի եմ, ինձ չի հետաքրքրում որեւէ քաղաքական, դիվանագիտական հարց»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայով զբոսնող, նախկին նախարար Արա Այվազյանը: Հարցին, իսկ որպես շարքային քաղաքացի չի՞ հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը, նա միայն նկատեց. «Լավ էլի, ախր ասացի, լավ եղեք»: Այսքանով հանդերձ, երեւի նախկին նախարարը պետք է լավ իմանա հայտնի արտահայտությունը. «Եթե դու չես զբաղվում քաղաքականությունով, քաղաքականությունը կզբաղվի քեզանով»: Նկատի ունենք, որ 44-օրյա պատերազմի հետ կապված՝ պարոն Այվազյանն այն կարգի մեղքեր եւ տեղեկություններ ունի, որ արդեն չի կարող իրեն պարզապես քաղաքականությունից դուրս համարելով, ամեն ինչ ջրված համարել: Կարճ ասած, երեւի կգա օրը, որ քաղաքականությունը պարոն Այվազյանով լրջորեն կհետաքրքրվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն: «Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը: Տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաեւ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմանում, հետեւաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձեւաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե իրենց, թե բոլորիս առհասարակ», - հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով սկսվել է քննարկումների փուլը՝ հասկանալու համար, թե ի վերջո ում կամ ինչու պետք է մեղադրանք առաջադրվի: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Ավելին, ԱԱԾ-ն արդեն հարցաքննել է ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների: ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջեւ ոչ հաճելի դիմելաձեւի եւ արտահայտությունների հետեւանքով: ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետովª խուլիգանություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Բանն այն է, որ քաղաքի ղեկավար ընտրելը կասեցրել են, եւ քաղաքը դարձել է անկառավարելի։ Օրինակ, ապրիլի 1-ից ավարտվում է աղբահանություն իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրի ժամկետը, եւ եթե համայնքը չունենա ղեկավար, գնումներ չիրականացվեն, նոր պայմանագրեր չկնքվեն, Վանաձորում հնարավոր չի լինի օրենքի շրջանակում իրականացնել աղբահանություն։ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» ավագանու անդամ Արթուր Օհանյանը մեզ ասաց, թե իրենք եւս լսել են, որ ուզում են ԺՊ նշանակել, բայց հույս ունեն, որ այդքան բացահայտ օրենքը չեն խախտի։ Դաշինքն այսօր ավագանու նիստ է հրավիրել, որպեսզի հաստատի ավագանու կանոնակարգը․ «Ավագանին պետք է ընդունի կանոնակարգ, համաձայն որի՝ օրենքով սահմանված կարգով իր լիազորություններն է կարգավորում, դիցուք՝ սահմանում է հանձնաժողովների թիվը, անունները, ինչ գործառույթներ ունեն եւ այլն»։ Սակայն համայնքապետարանի աշխատակազմը, որը պետք է նախապատրաստի նիստը, Օհանյանի խոսքով, ոչինչ չի արել․ «Պետք է 24 ժամ առաջ հայտարարեին նիստը, չեն արել։ Աշխատակազմը թերանում է այս հարցում, եթե ավելի կոշտ չձեւակերպեմ»։ Հրահա՞նգ են ստացել։ «Իրենք ասում են, որ հունվարի 24-ին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո դիմել են արդարադատության նախարարություն, պատասխան են ստացել, որ օրենքը բաց է, իբր մենք չէինք կարող արտահերթ նիստ հրավիրել, քանի համայնքի ղեկավար ընտրված չէ, մենք էլ ասում ենք՝ կարող ենք։ Հիմա դիմել ենք շխատակազմի ղեկավարին, որ կազմակերպչական աշխատանքները՝ իրենց պարտականությունները կատարեն, բայց պատասխանում են, թե ձեռնպահ կմնան»։Օհանյանն ասաց, որ մարտի 18-ին, անկախ ամեն ինչից, իրենք կներկայանան նիստին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան է կտրվել ժողովրդից եւ չի վայելում նրա աջակցությունը, որ մարտի 27-ին Վեդիի ընտրությունների նախընտրական եզրափակիչ հավաքը Գարիկ Սարգսյանը որոշել է անցկացնել ոչ թե հրապարակում, այլ ամֆիթատրոնում, որտեղ սահմանափակ թվով մարդիկ կարող են մասնակցել, եւ որոնց, բնականաբար, կընտրեն իրենց համակիրներից, պետական ու համայնքային ծառայողներից։ Հավաքը կկայանա մարտի 25-ին, Վեդու քաղաքային ամֆիթատրոնում, ժամը 12:00-15:00-ն։ Խորհրդանշական է, որ նույն օրը, գրեթե նույն ժամին իշխանության մրցակից «Իմ հզոր համայնք» կուսակցությունը բացօթյա հավաք, ապա երթ է անելու․ Վեդիի մշակույթի տան հարակից տարածքում 15։00-ին կմեկնարկի հանրահավաքը, հավաքից անմիջապես հետո՝ ժամը 17։00-19։00-ն, նախատեսվում է Վեդիում երթ անցկացնել՝ Թումանյան, Արարատյան, Կասյան, Գայի, Գերասիմ Սարոյան փողոցների երթուղով։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Թարթիկյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի աղբյուրները հայտնում են, որ օրերս ԱՀ նախագահական շենքի բակում ոչ մարտական նռնակ են պայթեցրել։ Նռնակ նետողը արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի թիմակիցներից է եղել։ Արցախում, ինչպես հայտնի է, վերջին ամիսներին քաղաքական բուռն վերադասավորումներ են ընթանում, Արայիկ Հարությունյանը խոստացել է հաջորդ ընտրություններին չառաջադրվել։ Այժմ Սահմանադրություն են փոխում, պատրաստվում են նոր ընտրությունների, եւ տարբեր շրջանակներ արդեն նախագահի թեկնածուների հարց են քննարկում։ Օսիպյանը համարվում է Սամվել Բաբայանի պրոտեժեն։ Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում նման քայլերով իրավիճակն ապակայունացնել։ Փորձեցինք լուրը ստուգել տարբեր աղբյուրներից․ ԱՀ նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը վստահեցրեց, որ նման միջադեպ չի եղել, Արթուր Օսիպյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, ու սկսեց հարցուփորձ անել․ «Ի՞նչ են արել որ»։ Ասում են՝ պայթուցիկ, թե ռումբ են գցել։ «Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում, տեղյակ չեմ, հեսա կիմանամ, թե մեր թիմակիցներից ով ա արել, կպատասխանեմ»,- խոստացավ Օսիպյանը>:


«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում նախօրեին մեծ տարածում գտած Eleven green խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն եւ իր ամուսինն են երգի բառերի եւ տեսանյութի հեղինակը։ Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետեւյալ խոսքերը․ «Դու տականք ես, տականք, Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան, Դու տականք ես, տականք՝ Ոչ սովորական, այլ՝ դավաճան»: Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում եւ քաղաքականացվում է «Տականքը», չնայած երգի հեղինակը մեզ խնդրեց այն չքաղաքականացնել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված։ Ի դեպ, քննարկման ընթացքում դաշտի հետ կապված մի շարք աղմկահարույց իրավիճակներ բացահայտվեցին: Պարզվեց՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը, որ ունի 40 եւ ավելի տոկոս ներկայացվածություն, միշտ տուժում է, եւ այն ընկերությունները, որոնք հավակնում են լինել այդպիսին, ապագայում են տուժելու: Արձանագրենք, որ եթե հավկիթի շուկայում որեւէ փոփոխություն չլինի առաջիկայում, Հայաստանը ձու արտադրողից վերածվելու է ձու ներկրողի: Քննարկման ընթացքում առաջարկներ հնչեցին, որից մեկն այն է, որ ձվի շուկա մտնող տնտեսվարողը լիցենզավորվի, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը նախապես պլանավորի եւ իմանա, որ նոր տնտեսվարող է մտնում, եւ ուսումնասիրի, թե նոր մտնողը ինչքան կարող է արտադրել, եւ շուկան որքան է զբաղված: Մյուս առաջարկն այն էր, որ դրոշմապիտակներ լինեն ձվերի վրա, որպեսզի ստվերի դեմ հնարավոր լինի պայքարել: Բանն այն է, որ դաշտում հայտնվել է նոր խաղացող, որի նկատմամբ բոլոր տնտեսվարողներն ունեն անվստահություն: Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է:


Ավելին՝ կասկածներ կան, որ իրենք ստվերում են աշխատելու եւ գաղտնի արտադրված կամ ներկրված ձու են հանելու վաճառքի, որը որեւէ կերպ չի վերահսկվելու, հետեւաբար դրոշմապիտակը լինելու է ամենամեծ գործիքը, որը կարող է խնդիրը կարգավորել: Մյուս կողմից՝ նկատենք՝ հանդիպմանը ներկա խոշոր արտադրող «Արաքս» թչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց ընկերությունն անընդհատ հարված է ստանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Ստացվում է, որ մի գերիշխող դիրք ունեցողն անընդհատ տուժում է պետության կողմից, պետության գործողությունների արդյունքում, եւ պետությունը ավտոմատ տեղ է բացում մեկ այլ տնտեսվարողի համար, որպեսզի նա մտնի շուկա ու դառնա գերիշխող դիրք ունեցող: Այնուամենայնիվ, երեկվա քննարկմանը ներկա գրեթե բոլորի մոտ ակնհայտորեն տպավորություն էր, որ բոլոր պետական կառույցները աջակցում են «Շիրակ»-ին: նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է Նարեկ Նալբանդյանին, որը «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով եւ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թակարժեք դղյակը»: