VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
Հրապարակ թերթը գրում է․ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական եւ ՀՀ պատմության ամենազավեշտալի օրինակներից է: 2018-ի ամառվանից «հեղափոխականները» սկսել են քրեական գործեր հարուցել նախկինների դեմ, եւ առաջնային թիրախներից մեկը եղել է Աշոտյանը, ով տեւական ժամանակ ԿԳ նախարար է աշխատել: Հենց 2018-ին Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ն` Պետական վերահսկողության ծառայությունը, սկսել է ստուգել Բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել Աշոտյանը։ 2019-ին ստուգումներն ավարտվել են, մի քանի տարի մտածել են` քրգործ հարուցե՞լ, թե՞ ոչ, ապա հարուցել են, մեծ թվով մարդկանց վրա ճնշում գործադրել, որ ցուցմունք տան Աշոտյանի դեմ` չի ստացվել: 2023-ի հունիսի 15-ին Աշոտյանին ձերբակալել են, այն էլ՝ ոչ թե բուն մեղադրանքով, այլ «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար: Դա արտահայտվել է նրանով, որ «Աշոտյանը... փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Հայաստանի սահմաններին եւ նաեւ Արցախում լարված իրավիճակ էր։ Ադրբեջանական կողմը ոչ միայն փորձել էր առաջանալ Հակարիի կամուրջի ուղղությամբ ու դրոշ տեղադրել, այլեւ կրակել է Սյունիքի դիրքերի ուղղությամբ՝ վիրավորելով ԱԱԾ աշխատակցին՝ կիրառելով ԱԹՍ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարոթյունն ու Ազգային ժողովը: ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի արդյունքները՝ չմոռանալով քննադատել նաեւ ընդդիմությանը՝ հին ու նորի համեմատություն անելով: Երեկ ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, օրվա վերջում արդեն քննադատում էր մեր գերբը եւ պետական խորհրդանիշները. առաջարկում է այլ կերպ ավարտել ՀՀ օրհներգը։
«Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով: Առաջարկում եմ փոփոխություն կատարել: Բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնը ավարտվի հետեւյալ տողերով՝
«Նայի՛ր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»»,- ասաց ՀՀ վարչապետը։
Երեկ ԱԺ նիստը ձգվեց մինչեւ 20:00-ն. ՔՊ-ականներն ավարտեցին արագ, որ շտապեն Դիլիջան: Այնտեղ մեկնարկում է ՔՊ քաղաքական ժողովը, եւ նիստը կխանգարեր նրանց: Այսօր, սակայն, կառավարության նիստ է լինելու, եւ օրակարգն արագ սպառելուց հետո գործադիրն էլ կշտապի Դիլիջան։
Հրապարակ թերթը գրում է․ Երեկ ադրբեջանցիների՝ Հակարիի կամրջի հայաստանյան հատվածում առաջխաղացումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ ադրբեջանցիներն արգելել են հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ։ Ադրբեջանական մամուլում գրվեց, որ հայկական կողմից կրակել են իրենց սահմանապահների վրա՝ Լաչինի անցակետում, ուստի իրենք փակել են անցակետը բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումների համար` այնքան ժամանակ, մինչեւ որ հստակ եւ ամբողջական կհետաքննվի միջադեպը, եւ հայկական կողմը կբացահայտի մեղավորին։ Չնայած ժամեր անց դրոշը հանվեց, սակայն բեռների մուտքն այդպես էլ չթույլատրվեց։ Արցախի մեր աղբյուրներն այս երկու միջադեպերի միջեւ ուղիղ կապ են տեսնում եւ կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը, ինչի հետեւանքով էլ ադրբեջանցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լեգիտիմացվի Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումը։ Արցախցիները տարօրինակ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակային հայտարարեց, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի հայտարարելու, բանակին հրահանգել է կռիվ տալ 10-20 մետրի համար, ինչի արդյունքում էլ ադրբեջանցիները փակեցին անցակետը: Երեկ տեղեկություն կար նաեւ, որ թեժ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը հրետանի է կիրառել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թերեւս ամենաանհասանելի նախարարներից է լրատվամիջոցների համար. վերջինս իր նշանակման օրվանից գրեթե մշտապես խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին: Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցն էլ, հավանաբար, հետեւելով իր օրինակին, փակ է լրագրողների համար. ԱԳՆ-ից հազվադեպ են պատասխանում զանգերին, իսկ գրավոր հարցումներին էլ պատասխանում են ամիսներ անց: Պարզվում է՝ ԱԳՆ-ն սեւերի-սպիտակների քաղաքականությամբ է առաջնորդվում լրատվամիջոցների դեպքում, ունի սիրելի ու ոչ սիրելի լրատվամիջոցների ցուցակ: Երեկ սա առավել ընդգծվեց, երբ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն կազմակերպել էր Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների եւ մի խումբ լրագրողների այցը Երասխ, որը մի քանի օր է՝ թշնամու թիրախում է հայտնվել, կրակոցներ են այդ ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատուկենտ լրագրողների են տարել Երասխ: Մեզ չեն հրավիրել, եւ պարզեցինք, որ լրատվամիջոցների ընտրությունն արել է փոխնախարար Վահան Կոստանյանը նախարար Միրզոյանի անունից: Երեկ ողջ օրը փորձեցինք հասկանալ՝ ԱԳՆ-ն ինչ սկզբունքով է առաջնորդվել, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմին չի ներգրավել Երասխ մեկնողների ցանկում: ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն է կազմակերպել այցը: Նրան էլ ողջ օրը չգտանք: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ յուրային եւ ոչ յուրային լրատվամիջոցների ցանկն իրականում կազմել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով: Հավանաբար, «Ժողովուրդ» օրաթերթի աղմկահարույց բացահայտումները այդ կառույցի գործունեության մասին դուր չեն եկել նրանց, ինչի պատճառով հայտնվել ենք նրանց սեը ցուցակում։ Փաստորեն, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից այնքան են մեզանից վրդովվել ու սրտնեղել, որ անգամ չեն բարեհաճել տեղեկացնել, որ լրատվամիջոցների այց է կազմակերպվում Երասխ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին եւ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։ Նկատենք, որ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ՌԴ-ում հաստատվեցին նախկին պաշտոնատար անձինք, այդ թվում՝ 1 տոննա թմրանյութի գործով հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, որի հանձնման եւ մյուս պաշտոնյաների արտահանձնման հարցն էլ բարձրացրել է դատախազը։ Տեսնենք՝ ինչ կտա այս հանդիպումը ՀՀ իրավապահ համակարգին. ի վերջո, հեղափոխությունից անցել է 5 տարի, բայց իրավապահ մարմինները նախկին պաշտոնյաներին ՌԴ-ից չեն կարողանում վերադարձնել հայրենիք։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի քանի օր առաջ գրել էինք, որ ՀՀ իրավապահ մարմինների եւ ռուս գործընկերների միջեւ բանակցություններ են ընթանում՝ Հայաստան բերվող կոկաինի պատմությանն առնչություն ունեցող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու շուրջ։ Եվ այդ մասին ԱԱԾ տնօրենը հայտարարել էր ԱԺ-ում` փակ քննարկման ժամանակ, վստահեցնելով, որ Պողոսյանին ռուսական կողմը հանձնելու է: Իհարկե, 2018-ից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Հայաստանը պահանջել է՝ այս կամ այն անձին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, եւ մերժվել է, սակայն մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ ՌԴ-ն այս անգամ համաձայնել է արտահանձնել, քանի որ որոշել են Պողոսյանին փոխանակել Հայաստանում վերջերս բռնված մի օրենքով գողի հետ, որին Ռուսաստանը շատ է ուզում ստանալ։ Մենք պարզել ենք, որ խոսքն Արսեն Մկրտչյանի՝ «Արսեն Երեւանսկու» մասին է, որին ձերբակալել են այս տարվա մայիսի 30-ին: Նրա փաստաբանն այդ օրերին հայտարարել էր, որ «Արսեն Երեւանսկու» նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 9-11-ը կայացած ՀՅԴ Հայաստանի 26-րդ գերագույն ժողովի ժամանակ կուսակցությունը թեժ քննարկումների արդյունքում Գերագույն մարմնի նոր կազմ է ընտրել:
Կազմում ընդգրկվել են՝
1. Թադեւոս Ավետիսյանը,
2. Լիլիթ Գալստյանը,
3. Արգիշտի Գեւորգյանը,
4. Վարդան Հակոբյանը,
5. Հակոբ Մաթիլյանը
6. Գեղամ Մանուկյանը,
7. Պետրոս Մեղրյանը,
8. Իշխան Սաղաթելյանը,
9. Իգոր Սարգսյանը,
10. Աշոտ Սիմոնյանը,
11. Խաչատուր Ստեփանյանը,
12. Գերասիմ Վարդանյանը,
13. Տարոն Տոնոյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սաղաթելյանի թեկնածության շուրջ ՀՅԴ-ականները տարաձայնություններ են ունեցել, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ ու վերընտրել նրան: Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ՀՅԴ ԳՄ նախորդ կազմում, որը ընտրվել էր 2021թ.-ին, կար Արծվիկ Մինասյանը, հիմա, սակայն, նա չկա Գերագույն մարմնի նոր կազմում: Ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պարզաբանեց. «Ես չեմ ցանկացել ընդգրկվել ՀՅԴ ԳՄ նոր կազմում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը, որի մասով ԲԴԽ-Ն կարգապահական վարույթ է հարուցել, դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Տիգրան Պետրոսյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժոով՝ պահանջելով վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գործունեության մասով եւ պարզել, թե արդյոք այն, ինչ անում են երկու ընկերներ՝ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը, շահերի բախում չէ: Ըստ դատավորի՝ երկու ընկեր՝ մեկը ԲԴԽ նախագահ է, մյուսը՝ արդարադատության նախարար, վարույթներ են հարուցում դատավորների նկատմամբ: Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են ընտրվում դատավորների նկատմամբ վարույթները: Ըստ Պետրոսյանի դիմումի՝ Վճռաբեկ դատարանում շատ դատավորների որոշումների հետեւանքով ՄԻԵԴ-ը ըննդեմ Հայաստանի որոշումներ է կայացրել, սակայն ԲԴԽ-ն որոշել է ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ որոշման համար, արդարադատության նախարարի դիմումի հիման վրա, կարգապահական վարույթ հարուցել Վճռաբեկի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ իր նկատմամբ, ինչը խիստ կասկածելի է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում քրեական գործ կա, որով անցնում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, եւ քրեական աշխարհի ներկայացուցիչ Ազատանցի Պետոն: Այդ քրեական գործով շոշափվում են շատ պաշտոնյաների, այդ թվում՝ Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) եւ այլ անձանց անունները, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Քրեական գործի թեման այն է, որ Շշի Մելոն եւ այլ պաշտոնյաներ գործարանի համար պահանջվող հումքը իրենց մատնանշած ընկերությունից վերցնելու համար հարց ու պատասխան են ունեցել միմյանց հետ: Ի դեպ, Ազատանցի Պետոն Օշականցի Գեւորիկի եւ «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաեւ գերենալ Օգանովսկու սանիկը:
Նշենք, որ 2021թվականին Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել էր Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս էլ սկսել է գործել կոնյակի գործարանը: Սա հենց նույն Մելիք Մանուկյանի գործարանն է: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ Մելիք Մանուկյանի հարաբերությունների «ջերմացումը», ըստ էության, սկսվեց 2019-ի ամառվա դեպքերից հետո, երբ պայթեցվեց Մելոյի մեքենան, ապա եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, փորձեց այդ մեքենան դեպքի վայրից տեղափոխել։ Երբ նրան բերման էին ենթարկել, 6 ոստիկանի էր ծեծի ենթարկել։ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։ Նրան ձերբակալել էին, ապա մի քանի օրից բաց թողել, եւ հետագայում այդ բոլորը գործերը փակել էին։ Դրանից հետո Շշի Մելոն դարձավ իշխանությունների «սրտի գործարարը» եւ սկսեց աշխատել նրանց համար: Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները քրեական գործ ունեն Մելոյի եւ նախկին պաշտոնյաների մասով, որոնք չեն փակում եւ որպես մահակ պահում են նրանց գլխին, որպեսզի հարկ եղած դեպքում այն օգտագործեն եւ վերահսկեն գործարարին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցելով «Ոչխարների խուզման» փառատոնին, իր էջում պարծեցել էր, թե նպաստում են ներքին զբոսաշրջությանը։ Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր փառատոնի հետաքրքրությունը, որ մարդիկ մասնակցեն դրան, եւ դրանից բացի՝ ի՞նչ նոր էքստրաօրդինար փառատոներ եք նախաձեռնելու։ «Զբոսաշրջության կոմիտեն 17 փառատոն է հովանավորում կամ աջակցում, ես էլ հարմար գտա՝ իմ շաբաթ օրն այցելեմ այդ համայնք, շփվեմ համայնքապետի հետ, մասնակցեմ փառատոնին։ Հիմա դո՞ւք պիտի որոշեք՝ ես իմ ազատ օրերն ինչի վրա ծախսեմ, դա իմ հանգստյան օրն էր, եւ սա էլ ագրոտուրիստական հետաքրքիր միջոցառում էր, որին հարկ համարեցի մասնակցել»,- զայրացավ նա: Իսկ ինչո՞վ էր ոչխար խուզելը հետաքրքրել Ձեզ։ «Այնտեղ կար 2 հազար մարդ, ոչխարների խուզը փառատոնի փոքր մասն է եւ վերնագիրը, սա արդեն 5-6-րդ անգամ տեղի ունեցող միջոցառում է, եւ մենք էլ աջակցում ենք ներքին զբոսաշրջությանը»։ Փառատոնին հայկական տարազներ են ցուցադրել, համերգ է եղել, գյուղմթերքի ու խմիչքների համտես, ձեռագործ հուշանվերների վաճառք»: