Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ կազմակերպության անդամների միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Իր հերթին Յուրի Խաչատուրովը նշել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։