28.03.2024
Հայ մասնագետները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10510 քմ տարածք
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դիվանագետները լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Դիվանագետի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։


Շնորհավորելով դիվանագետներին տոնական օրվա առիթվ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.


«Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Սա իսկապես կարևոր օր է մեր պետության համար: Թույլ տվեք արձանագրել, որ հերթական այս օրը մեր դիվանագիտական համակարգը դիմավորում է բոլորովին այլ պայմաններում և այլ իրավիճակում: Այսօր բարեբախտաբար մեր դիվանագետներն ամբողջ աշխարհում կարիք չունեն երկար օրեր ու ժամանակ ծախսել տարբեր երկրներում բացատրություններ տալու, թե ընտրությունները քանի տոկոսով են կեղծվել, մյուս ընտրությունները քանի տոկոսով չեն կեղծվի, այս ընտրությունները քանի քայլ էին առաջ, քանի քայլ հետ, ով, որտեղ, որ անկյունում՝ ո՞ւմ, ի՞նչի համար գնդակահարեց: Սա կարծում եմ՝ կարևոր փոփոխություն է, որն արտահայտում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էությունը:


Իմ հույսն այն է, որ այս փոփոխությունը ոչ թե կընկալվի որպես ավելի պակաս աշխատելու, այլ հակառակը՝ ավելի շատ, ավելի ոգևորված, ավելի մեծ եռանդով աշխատելու հրամայական, որվհետև այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու բան ունի և այսօր Հայաստանի Հանրապետությանը լսելու ցանկությունը շատ ավելի մեծ է աշխարհի բոլոր կողմերում:


Եվ շատ կարևոր է արձանագրել այն կարևորագույն փոփոխությունը, որ տեղի է ունենում հիմա Հայաստանում՝ կառավարման բոլոր համակարգերում, այդ թվում դիվանագետների շրջանում, որ պետք է տեղի ունենա և մենք պետք է արձանագրենք, որ ինչպես ամբողջ կառավարությունը, այնպես էլ դիվանագետները ծառայում են ոչ թե կոնկրետ անձի, ոչ թե կոնկրետ իշխանության, այլ ծառայում են ժողովրդին: Այս առումով նույնպես մենք ուրիշ իրավիճակում ենք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև իշխանությունը ձևավորված է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:


Վարչապետ ընտրվելով, հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում, բնականաբար, ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձևով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և համոզված եմ, որ պատշաճ մակարդակով համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:


Եվ բոլոր դիվանագետները, ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց բովանդակության ներկայացման դեսպանը:


Այս առումով, շատ կարևոր եմ համարում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մեր առաջիկա անելիքները, որովհետև մեր նախորդ հանդիպման ընթացքում էլ ասել եմ, որ այս ընթացքում իմ ունեցած միջազգային շփումները բերել են այն եզրակացության, որ ցավոք սրտի, միջազգային ասպարեզում շատ դեպքերում կորսվել է Լեռնային Ղարաբաղի հարցի էության մասին պատկերացումն ու ընկալումը: Սա մեր առաջիկա խնդիրներից կարևորագույնն է և ըստ էության անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարց ասելով միջազգային ասպարեզում հասկանան այն, ինչ նկատի է առնվում և ինչպիսին կա Լեռնային Ղարաբաղի հարցն իր էությամբ:


Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարևոր ներդրումն է և մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից:


Շնորհակալություն հայտնելով մեր բոլոր դիվանագետներին իրենց ծառայության համար, ցանկանում եմ հատկապես ընդգծել այն դիվանագետներին, ովքեր այս շրջանում աշխատում են անկայուն տարածաշրջաններում, անվտանգային բարդ միջավայրերում: Մասնավորապես, խորին հարգանքի է արժանի Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության անխափան աշխատանքը, չնայած նրան, որ շենքը ենթարկվել է հրթիռակոծության: Նույնը պետք է ասել Բաղդադում մեր դեսպանության գործունեության մասին՝ չնայած այդ երկրում տիրող վտանգավոր իրավիճակին:


Անշուշտ, մեր արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է մեր Արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի, այդ թվում՝ արտերկրում մեր դեսպանությունների և հյուպատոսությունների միահամուռ աշխատանքից:


Ուստի, հարգելի դիվանագետներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ցանկանում ստեղծագործական նոր մոտեցումներ, որովհետև արդի ժամանակները ստեղծագործելու և նոր հաջողությունների հասնելու լայն հնարավորություններ են: Բոլորիդ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի:


Պարոն Մնացականյան, անձամբ Ձեզ մաղթում եմ հաջողություններ ինչպես ընդունված է ասել այս դժվար և բարդ կոլեկտիվին առաջնորդելու գործում: Նաև ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Երրորդ Հանրապետության Արտաքին գործերի բոլոր նախարարներին՝ այն ջանքերի համար, որ նրանք ներդրել են Հայաստանի դիվանագիտական համակարգի կայացման համար: Շնորհավոր Դիվանագետի օրը»:

Սիրիայում հայ սակրավորներից մեկը վնասվածք է ստացել․ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար