24.11.2024
Սիրիայում հայ սակրավորներից մեկը վնասվածք է ստացել․ ՊՆ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ե՞րբ կարտահանձնվի Սաշիկ Սարգսյանի որդին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի ՀՀ-ին: Ըստ նույն լուրերի՝ նրա գործով անցնող թիկնապահներին զգուշացրել են՝ պատրաստվեք առերեսվելու նրա հետ: Թե կոնկրետ արտահանձնման ինչ ժամկետի մասին է խոսքը, աղբյուրը դժվարացավ հայտնել՝ նշելով. «Կարծում եմ՝ բավական կարճ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատեւ դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը: Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպ ապահովելու շրջանակներում փորձում է մի կողմից ծխելու դեմ պայքարել, մյուս կողմից՝ վնասակար սննդամթերքի օգտագործման դեմ: Իսկ այդ նպատակով նա առաջարկում է թանկացնել ծխախոտի ակցիզային հարկը, նաեւ հարկային խստացումներ շաքարի, գազային խմիչքների ոլորտում: Առողջ ապրելակերպը, իհարկե, խիստ անհրաժեշտ է. սա անվիճարկելի փաստ է: Ու առողջապահության նախարարությունն այս հարցում լուրջ անելիք ունի: Սակայն այդ նպատակին հասնելու մեթոդները, որ առաջարկում է Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, անիրականանալի են, քանի որ այդ դեպքում կարող է էապես տուժել երկրի տնտեսությունը, կարող են նվազել բյուջետային մուտքերը: Այնպես որ, Թորոսյանի պահվածքից տպավորություն է, որ իր ծրագրերի մասին նա խոսում է սեփական PR-ի համար` առանց խորանալու դրանց իրականացման գործիքակազմերի մեջ: Պատահական չէ, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր նույնիսկ կոպտել Թորոսյանին՝ ասելով. «Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»: Անգամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ սովորաբար շատ զուսպ է, կոշտ արձագանքեց. դիմելով Թորոսյանին` առաջարկեց, որ նա վաղվանից բուժհաստատություններում արգելի ծխախոտի եւ «Կոկա Կոլա»-ի վաճառքը: «Այսինքն` Դուք Ձեզ դրսեւորեք Ձեր պայքարի մեջ, հետո նոր եկեք, հարկային օրենսդրության մեջ էլ դրսեւորեք»,- կոպտեց նա»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ կարգելվի գազալցակայաններում եւ տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը: Իր հերթին դարձյալ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը առաջարկում էր սահմանափակել այդ կազմակերպությունների գովազդը, հատկապես օնլայն տիրությում: Այս վերջին նախաձեռնությունն, ի դեպ, հարուցել էր ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլեւ հենց իր կուսակից պատգամավորներից շատերի դժգոհությունն ու անհանգստությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունները թեեւ դեռ կյանքի չեն կոչվել, բայց արդեն իսկ սկսել են ազդեցություն թողնել: Մասնավորաբար, բուքմեյքերական ոլորտում լուրջ իրարանցում է առաջացել, եւ այդ ընկերությունների սեփականատերերն ուղղակի խառնվել են իրար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ում գործող նմանատիպ խոշոր ընկերություններից մեկի ղեկավարությունն օրերս իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ ստիպված են լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը, եւ կանխավ ազատման դիմումներ է գրել տվել: Ի դեպ, չի բացառվում, որ սա կարող է նաեւ առիթ լինել կադրային օպտիմալացման համար, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, առանց այդ էլ վերջին շրջանում այդ կազմակերպություններից որոշներն սկսել են վնասով աշխատել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վերջինիս՝ ասուլիսի կեսից հեռանալու փաստը ոմանք բացասական գնահատեցին` դա համարելով արհամարհանք Փաշինյանի հանդեպ։ Ինչո՞ւ այդպես եղավ՝ հարցրինք ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ «Ասուլիսը բաղկացած էր 2 մասից․ առաջինը պարոն Յունկերի հետ էր, երկրորդը` պարոն Յանի․․․ ասուլիսին պետք է լիներ եվրոպական կողմից 2 պաշտոնյա, հայկական կողմից` 1, կարող էին լինել 2 տարբեր ասուլիսներ, եղավ մեկը` ժամանակն օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությունից ելնելով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, եւ այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ քրեական գործերն այնքան մեծածավալ են, բազմադրվագ, ըստ այդմ, ՀՔԾ քննիչներն այնպիսի ծանրաբեռնվածության տակ են ընկել դրանց պատճառով, որ ստիպված են եղել քննչական խմբերում քննիչներ ընդգրկել նաեւ ՀՀ քննչական կոմիտեից ու ԱԱԾ քննչական վարչությունից: Սա արվել է նաեւ այն պատճառով, որ նախաքննական մարմինը կարողանա սեղմ ժամկետներում ավարտել այդ քրեական գործերի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Ի վերջո, շուտով կլրանա նախաքննության մեկ տարին, ու եթե աղմկահարույց քրեական գործերով ավարտ չհայտարարեն, ապա պետք է բերեն հիմնավորումներ: Ուստի գործընթացն արագացնելու համար որոշվել է պարզապես համալրել թիմը»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սեւ ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Սակայն խնդիրն այն է, որ նրանց մեծ մասն ամենափորձառուներն են ու ամենատեղեկացվածները: Թերթը պարզել է նաեւ, որ բավական քաոտիկ վիճակ է մասնավորաբար էներգետիկայի նախարարությունում, որը միավորվում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, ինչպես նաեւ ջրպետկոմում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ «սեւ ցուցակները» բավական ընդարձակ են լինելու հատկապես մարզպետարաններում: Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին կաթվածահար է անում ամբողջ պետական ապարատի աշխատանքը, քանի որ մարդիկ գտնվում են անորոշության մեջ՝ չիմանալով իրենց ապագա ճակատագիրը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին: Մեր տեղեկություններով՝ այս հանցագործության մասին դիմումը ոստիկանություն մուտք է եղել դեռեւս անցած ամսվա վերջին: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին: Բայց քանի որ Այվազյանը Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտը վերահսկող հայտնի Բոգոյի շրջապատի ներկայացուցիչ է, հանցագործությունը բացահայտելու փոխարեն, զբաղվել է հանցանշանները ոչնչացնելով: Եվ միայն դրանից հետո է ոստիկանապետին զեկուցել հանցագործության բացահայտման անհնարինության մասին: Արսեն Այվազյանը միաժամանակ ԱԺ պատգամավոր Նարեկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի մերձավորներից է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի եւ Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: «Երբ ասել են` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի են ունեցել Հայաստան-Ադրբեջան ձեւաչափը` առանց Արցախի ներգրավման»,- նշել է նա: Միաժամանակ Աշոտյանն ասել է, թե առաջիկայում Փաշինյանն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ կփորձի Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու խոստումը կատարել: «Մյուս կողմից էլ նա պետք է տպավորություն չստեղծի, որ Հայաստանի պատճառով բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացվում է: Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որը բանակցությունների վիժեցումը կփորձի բարդել Հայաստանի վրա»,- ասել է ՀՀԿ-ականը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություն կատարել Ընդերքի արդյունահանման մասին օրենքում եւ պարտավորեցնել, որ բացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը: Նման նախաձեռնությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերում թափանցիկության նախաձեռնության անդամության թեկնածու: Նախաձեռնությանը անդամակցում է 51 երկիր, իսկ նախաձեռնության նպատակներից մեկը հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովումն է: Այս փոփոխության ընդունումը իսկապես հեղափոխական կլինի, քանի որ հասարակությունը վերջապես կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը»: