23.11.2024
Որքա՞ն թանկացնել ծխախոտը․ Առողջապահության նախարարն արձագանքել է վարչապետի դիտողությանը
prev Նախորդ նորություն

Պատրաստվում է Փաշինյանի այցն Իսրայել․ ի՞նչ կասեն ԱՄՆ-ն ու Իրանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առաջիկայում պատրաստվում են այցելել Իսրայել։ Այժմ նաեւ քննարկում է Իսրայեում Հայաստանի դեսպանատուն բացեւ հարցը։ Այս մասին հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ Երևան)։


Դեսպանության բացման հարցը


Այն, որ Հայաստանն այժմ քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը՝ երկու երկրների միջև հարաբերությունները «հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի բերելու համար», հայտնում ԱՄՆ կոնգրեսից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանը՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին, որի այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, որը բարձրաստիճան պատվիրակությամբ օրերս ժամանել էր Իսրայել:


Ի դեպ, պաշտոնական պատվիրակությունը Իսրայել էր եկել Հայաստանի վարչապետի Իրան այցից օրեր անց: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հարցմանն ի պատասխան նշել է՝ հայկական պատվիրակության Իսրայել այցը իրանականի հետ կապ չունի, ծրագրվել էր դեռևս անցյալ տարի, և արտգործնախարարությունների միջև ուղղակի պլանավորված խորհրդակցություններ են անցկացվել:


Այցի ավարտին խոսելով իսրայելական պարբերականի հետ՝ Հայաստանի ԱԳ փոխնախարարը չի թաքցրել՝ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի իր հակառակորդ Ադրբեջանին, սակայն այս հարցը նախապայման չի համարում Երուսաղեմի հետ հարաբերությունները բարելավելու համար:


Ադրբեջանը վերջին տարիներին շուրջ 5 միլիարդ դոլարի զենք է գնել Իսրայելից, շաբաթներ առաջ էլ հաղորդվեց նոր գործարքի մասին, որով Բաքուն առաջիկա երկու տարում Իսրայելից 13 միլիոն դոլարի հարվածային Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքեր կստանա:


Անդրադառնալով այս ռազմական համագործակցությանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ ու փորձի զսպել նրան:


«Մե՛նք պետք է կարողանանք էնպես անենք, որպեսզի մենք էլ կարողանանք ունենանք այդ զենքերը: Պետք է մե՛նք ուժեղանանք: Մենք ուրիշի մասին ենք շատ խոսում, մե՛նք պետք է ուժեղանանք, մե՛նք պետք է դա կարողանանք: Ուրիշ բան, որ մենք այնքան մոտ լինենք մեր կոլեգաների հետ, մեր հրեա ընկերների հետ, որ ինչ-որ ձևով կարողանանք զսպել: Դա արդեն ցույց կտա ժամանակը», - ասաց դեսպանը:


Ըստ Արմեն Սմբատյանի՝ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Երուսաղեմում քննարկել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ առաջիկայում Իսրայել կատարելիք այցի հետ կապված կազմակերպչական հարցերը:


Բավարար կամք՝ ռեզիդենտ դեսպան ունենալու համար


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ միգուցե, հիմա կա բավարար քաղաքական կամք, որ Իսրայելում ունենանք ռեզիդենտ դեսպան: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի հայտարարությանը, որ դիտարկվում է Իսրայելում մեր դեսպանատունն ունենալու հարցը:


«Իրականում այցելություններ և փոխայցելություններ շատ են եղել: Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իսրայելում էր: Նա հանդիպում ունեցավ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, քննարկեցին շատ հարցեր, այդ թվում՝ քննարկվել էր Իսրայելում ռեզիդենտ դեսպան ունենալու հարցը»,- ասաց նա՝ հիշատակելով, որ այն ժամանակ Հայաստանն առաջ էր քաշում մի տեսակետ, որ Իսրայելն էլ իր դեսպանատունը պետք է բացի Հայաստանում:


Նրա դիտարկմամբ՝ սակայն Իսրայելը Հայաստանում իր դեսպանատունը բացելու լուրջ անհրաժեշտություն չունի: «Իսկ ինչո՞ւ Հայաստանն անհրաժեշտություն ունի Իսրայելում ունենալ ռեզիդենտ դեսպան․ որովհետև նախ՝ Իսրայելը բարեկամական պետություն է, պետություն է, որտեղ մեծ հայկական համայնք կա, որտեղ կա ամենամեծ, ամենահզոր, ամենաազդեցիկ եկեղեցապատկան հողերից մեկը․ Երուսաղեմում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու ամենասուրբ վայրերից մեկը:


Այստեղ մենք ունենք պատրիարք, որի հարաբերությունները հաճախ լարված են լինում Էջմիածնի հետ: Մենք մի պետության հետ գործ ունենք, որը մեր թշնամուն զենք է վաճառում: Բոլոր այս հանգամանքները առավել ակնհայտ են դարձնում, որ Հայաստանին ավելի է անհրաժեշտ ունենալ դեսպանություն Իսրայելում, քան հակառակը»,- ասաց նա՝ նկատելով նաև, որ եթե Իսրայելը կարիք ունենար Հայաստանում դեսպանատուն բացելու, որևէ վայրկյան չէր վարանելու, միանգամից կբացեր և իր շահերը կսպասարկեր:


Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Իսրայելում դեսպանություն ունենալու հարցը ոչ միայն երկկողմ հարաբերությունների կոնտեքստում է պետք դիտարկել, այլ նաև պետք է դիտարկել Երևան-Վաշինգտոն հարաբերությունների կոնտեքստում՝ մասնավորապես Հանրապետականների ադմինիստրացիայի, Թրամփի օրոք:


«Թրամփը, իմ խորին համոզմամբ, ամենաիսրայելամետ ԱՄՆ նախագահն է, և եթե մենք ուսումնասիրենք նրա քաղաքական պատմությունը, ապա կհասկանանք, որ դա իրոք այդպես է, և Միացյալ Նահանգները բարեկամություն է անում այն երկրների հետ, որոնք բարեկամություն են անում նաև իր բարեկամների հետ»,- ասաց նա՝ մատնանշելով, որ Միացյալ Նահանգները մշտապես է Հայաստանին ասում, որ չունի բարեկամական հարաբերություններ իր դաշնակից երկրների հետ: