Առաջիկայում Ազգային Ժողովի կազմում փոփոխություններ կլինեն. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արտահերթ նիստում հայտարարեց, որ խորհրդարանը ստացել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության 3 պատգամավորների դիմումները՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, որոնք ընդունվել են: Հիշեցնենք, պատգամավորների ինքնաբացարկի դիմումները ստացվել էին մեկ շաբաթ առաջ, Արա Բաբլոյանն այդ մասին հայտարարել էր նիստում: Քանի որ Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը և Հարություն Ղարագյոզյանը այս ընթացքում դիմումները ետ չեն վերցրել, նրանց պատգամավորական լիազորություններն այսուհետ դադարեցված են: Արա Բաբլոյանի խոսքով՝ դիմումներն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը այն 11 պատգամավորներից են, որոնք ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի իրենց դիմումները և վիրավորված էին Գագիկ Ծառուկյանից: Նրանք ներկայացել էին ԿԸՀ և պնդել, որ նախկինում իրենց ներկայացված դիմումը համարվի չեղյալ, քանզի իրենք չեն հրաժարվում մանդատը ստանալուց: Նշենք, որ Խաչիկ Մանուկյանի փոխարեն, ըստ VERELQ-ի աղբյուրների, պատգամավորի մանդատ կստանա Գագիկ Ծառուկյանի օգնական, Արագածոտնի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նորա Առուստամյանը, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում «Ծառուկյան դաշինք»-ից առաջադրված Հակոբ Նազարյանը և թիվ 1 ընտրական ընտրատարածքից առաջադրված նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանը: