Վիճաբանություն-ծեծկռտուք․ Գյումրիում դանակահարել է ՌԴ ռազմաբազայի զինծառայողին
Այսօր՝ մարտի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Միջեդեպի մասին լուրը հաստատել են նաեւ ՔԿ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դեպքով քրգործ է հարուցվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մարտի 8–ին Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: