Առաջիկա 10-15 տարիներին Հայաստանը չի մտածի եվրասիական միասնական արժույթի մասին. ԿԲ
Առաջիկա 15-20 տարիներին Հայաստանը նույնիսկ չի մտածի եվրասիական միասնական արժույթի մասին: Այս մասին Ազգային Ժողովում այսօր հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Պաշտոնյանի խոսքով, ավելի վաղ հինգ երկրների ֆինանսական կարգավորողների ղեկավարներ հատուկ փաստաթուղթ են ընդունել, համաձայն որի՝ մինչև 2025 թվականը բանակցություններ չեն տարվելու միասնական արժույթին անցնելու վերաբերյալ: Խոսքը Եվրասիական միության մասշտաբի մասին է, սակայն, ընդգծեց Ջավադյանը, կոնկրետ Հայաստանը դրա կարիքը չի ունենա ավելի երկար՝ առաջիկա 15-20 տարիներին:
Հիշեցնենք, թեև միասնական արժույթի մսին խոսակցությունները որևէ ռեալ հիմք իրենց տակ չեն պարունակում, բայց Հայաստանում դրան անցնելու հեռանկարը մշտապես բուռն քննարկումների տեղիք է տալիս: Չնայած նրան, որ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ նման քննարկումներ դեռ չկան:
Այդպես, 2016 թվականի աշնանը Երևանում կազմակերպված Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի շրջանակում Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը հարկավոր չէ միասնական արժույթ: Նրա խոսքով, ԵԱՏՄ–ին միասնական ֆինանսական շուկան հարկավոր է, սակայն միասնական արժույթ պետք չէ։
«Կարծում եմ, որ ԵՄ–ի փորձից մենք պետք է քաղենք այդ թվում նաև վատ դասեր։ Զարգացման հարցում նման տարբեր տնտեսական տարածքի համար միասնական արժույթը սխալ է», – նշել էր Գրեֆը՝ հավելելով, որ ԵԱՏՄ–ի համար ավելի շատ կարևոր է կապիտալի տեղաշարժի հեշտացված կանոնները։
Իսկ մի քանի ամիս անց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտարարեց, որ միասնական արժույթի ներդրումը ԵԱՏՄ-ում ոչ թե ուտոպիա է, այլ հակաուտոպիա:
«Այդպիսի ցանկացած փորձ հիմա աղետի կվերածվի: Դա չի նշանակում, որ չպետք է համագործակցել ֆինանսա-արժութային ոլորտում: Մենք պետք է ընդլայնենք ազգային արժույթների կիրառումը, շրջանառությունից դուրս մղենք երրորդ երկրների արժույթները, սակայն, հաստատ, պետք չէ նոր բաներ մտածել միասնական արժույթի հետ կապված, ինչպես դա արեցին եվրոպացիները»,- ասել էր նախարարը: