«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների իրականացրած սոցիոլոգիական հետազոտության տվյալներով՝ հարցվածների 51,8%-ի կարծիքով, ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, իսկ 62,7%-ի կարծիքով՝ սխալ ներքին քաղաքականություն։
Հայաստանի արտաքին քաղաքականությունից դժգոհ են ցածր սոցիալական ապահովվածությամբ անձինք՝ 68,3%, իսկ ներքին քաղաքականությունից՝ նույն խմբի 75,4%-ը։ Այսինքն, որքան մարդկանց սոցիալական ապահովածությունը ցածր է, այնքան դժգոհությունը մեծ է։
Հարցվածների 69,2%-ի կարծիքով բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության, իսկ 30,5%-ի կարծիքով՝ հնարավոր է։ Հատկանշական է, որ Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում 18-44 տարեկանների ավելի քան 70%-ը։
Հարց է հնչել նաև Թրամփի միջնորդությամբ խաղաղության հասնելու վերաբերյալ։ Ըստ արդյունքների՝ 65․1%-ի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը չի բերի իրական խաղաղություն, իսկ 33․7 %-ի կարծիքով՝ հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Նոր Սահմանադրությունը անհրաժեշտ են համարել հարցվածների 35․1%-ը։ Հարցվածների 49․0%-ը պատասխանել է, որ կմիանա եկեղեցու կողմից համախմբման կոչին՝ հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչող քննադատությունները։
Հարց է հնչել նաև բանակի բյուջեի և թվաքանակի կրճատման վերաբերյալ։ 80.2-%-ը դեմ է արտահայտվել Խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում բանակի բյուջեի և թվաքանակի կրճատմանը, իսկ 19․1%-ը՝ կողմ։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի հեռացմանը, ապա հարցվածների 64.0%-ը բացասական է վերաբերվում Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, իսկ 32․1%-ը՝ դրական։
Այս հետազոտության ընթացքում հարց է հնչել նաև նախկին իշխանությունների վերադարձի մասին։ Հարցվածների 78․6%-ը բացասական է վերաբերվում նրանց վերադարձին, իսկ 18․3%-ը՝ դրական։
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը խաղաղության դիմաց փոխելուն, հարցածների 91․3 %-ը պատասխանել է, որ բացասական է վերաբերվում։ Հարցվածների 48․5%-ի կարծիքով, Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է, 17․4%-ի կարծիքով՝ խաղաղ հարաբերությունների հաստատումը և տնտեսական համագործակցությունը, 15․0%-ի կարծիքով՝ Հայաստանի անկախության թուլացումը և կախվածության մեջ գցումը, իսկ 13․7%-ի կարծիքով՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթումը։