Քննչական կոմիտե են կանչել 8 հոգևորականի, այդ թվում Մայր Աթոռից. փաստաբան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ հոգեւորականներին կանչել են տարբեր օրերի, տարբեր ժամերի, օրինակ, այսօր ժամը 10–ին, նաև 14–ին։ Փաստաբանը նշեց, որ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ և հոգևորականները Արագածոտնի թեմից, այլև Մայր Աթոռից բարձրաստիճոն հոգևորականներ։ «Նրանց կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- ասաց նա, հաղորդում է NEWS.am-ը։
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական լրատվամիջոցներով տարածվեց 2023 թվականին արված ձայնագրություն, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։