ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար: Նա հայտնել է, որ մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին: Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար:«Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ: Այս գործընթացն, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»:Գործակալության հարցին ի պատասխան, թե արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, Քոչարյանը դրական պատասխան է տվել, բայց չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը: