Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն, ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, լուծել 2.5 մլն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, 7-պատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առաջին քսանյակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը և այլն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Փաշինյանի ելույթը կարելի է համարել սյուռեալիստական, ուտոպիայի նմանվող մի էսսե, քանի որ նրա նախանշած բոլոր կետերին անհնար է հասնել անգամ մինչև 2050թ.-ը: Փաշինյանը նշաձող է սահմանել 2050թ.-ը, երբ նա այլևս չի լինելու ՀՀ-ի վարչապետը և դեռևս պարզ չէ, կբնակվի նա արդյոք այդ թվականին ՀՀ-ի տարածքում:
Նախ՝ ՀՀ բնակչությունը 5 մլն հասցնելու թեզն ուղղակի հակասում է այն ծանր իրողություններին, որոնք առկա են ՀՀ-ում դեմոգրաֆիայի առումով: ՀՀ-ում մեծ է արտագաղթի ալիքը, որը 2008թ.-ից մինչև այսօր հանգեցրել է ՀՀ-ից մոտ կես միլիոն բնակչության արտագաղթին: Արտագաղթածների մեծամասնությունն ընդունել է այլ երկրների քաղաքացիություն՝ մասնավորապես ՌԴ-ի, տեղափոխել այդ երկրներ իրենց ընտանիքներն ու որոշել այլևս չվերադառնալ Հայաստան:
ՀՀ-ում ցածր է ծնելիության մակարդակը, նվազել է ամուսնությունների թիվն ու ավելացել ամուսնալուծությունների թիվը, երիտասարդները հաճախ ամուսնանում են 30-ին մոտ տարիքում՝ ունենալով մեկ կամ երկու երեխա, ինչն անգամ չի ապահովում ուղղակի պարզ վերարտադրությունը:
Դեմոգրաֆների գնահատականներով ՀՀ-ն կանգնած է դեպոպուլյացիայի շեմին՝ հայերը համարվում են ՄԱԿ-ի տվյալներով ծերացող ազգ: ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ արտագաղթը ոչ բարձր տեմպերով, սակայն առկա է, իսկ սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է լքել Հայաստանը: Այս պայմաններում, երբ չկա դեմոգրաֆիական հստակ ռազմավարություն և հարյուր միլիոնավոր դոլարներ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար՝ 5 միլիոն բնակչության մասին խոսելը պոպուլիզմ է և ուտոպիա:
Փաշինյանը խոսում է 2.5 միլիոն մարդու համար աշխատատեղ ստեղծելու մասին, սակայն ՀՀ-ն չունի այն տնտեսական բազիսը, որը կարողանա ապահովել այսքան քանակությամբ աշխատատեղեր: Չեն նշվում ոլորտները, որտեղ կարող է այս քանակությամբ մարդ գտնել աշխատանք: Սա նույնպես ուղղակի թվեր են կամ կենացների մակարդակով ասված հայտարարություններ:
Փաշինյանը բացի տնտեսական հրաշքներից, խոսում է նաև բանակաշինության մասին և ցանկանում, որպեսզի Հայաստանի բանակը մտնի աշխարհում առաջատարների շարքը, սակայն դրա համար անհրաժեշտ է նախ ունենալ մարդկային այն ռեսուրսները, որոնք թույլ կտան ավելացնել բանակն ու միլիարդավոր դոլարներ, որոնք կարդիականացնեն բանակն ու այն կդարձնեն աշխարհում լավագույններից մեկը: ՀՀ-ն չի կարող ունենալ այն ռազմական բյուջեն, որ ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, ՆԱՏՕ-ի մյուս երկրները և այս պարագայում, թե ինչպե՞ս պետք է բանակը մրցի աշխարհի հզոր տերությունների հետ, Փաշինյանն իհարկե չի նշում: Նույնը կարելի է ասել նաև հատուկ ծառայությունների մասով՝ կադրեր, ֆինանսներ, լոգիստիկա և այլն: Բավականին բարդ է պատկերացնել, ինչպես կարող են հայկական հատուկ ծառայությունները մրցել Մոսադի, ՖՍԲ-ի, ԿՀՎ-ի և այլ գերհզոր հատուկ ծառայությունների հետ:
Ինչ վերաբերվում է Փաշինյանի ստեփանակերտյան ելույթի քաղաքական մասին, հատկապես Արցախի հարցի կարգավորմանը, ապա ՀՀ վարչապետը կրկին անգամ չի խոսում հստակ տեսլականի կամ ռազմավարության մասին՝ ի՞նչ է զիջելու հայկական կողմը, ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը: Բաքուն արդեն վաղուց չի խոսում որևէ զիջման մասին, այլ փորձում է թելադրել իր օրակարգը թե՛ բանակություններում՝ ամբողջ Արցախի ու 7 շրջանների վերադարձ, թե՛ առաջնագծում՝ կրակի տակ պահելով արդեն Սյունիքը, Տավուշը, Վայոց Ձորը, այսինքն Հայաստանի տարածքները:
«Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը կրկին անգամ խոսում է ղարաբաղյան հարցի կարգավորման փաստաթղթի ՀՀ-ի ու Արցախի ժողովուրդների հավանության մասին, սակայն ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը չեն սպասելու Հայաստանի ու Արցախի բնակչության հավանությանը՝ հանրաքվեի կամ այլ տեսքով:
Կա բանակցային ֆորմատ ու կա հստակ փաստաթուղթ, որը պետք է ստորագրել և կյանքի կոչել: Թե ի՞նչ են ուզում հասարակությունները՝ գերտերություններին քիչ է հետաքրքրում, իսկ ինչ վերաբերվում է այն թեզին, թե միայն ՀՀ-ի ու Արցախի ժողովրդի հավանության դեպքում կարող է որևէ փաստաթուղթ ընդունվի, ապա դա տանում է դեպի պատերազմ: Եթե Ադրբեջանը համաձայնվում է որևէ փաստաթղթի, որն ենթադրում է Արցախում հանրաքվե անորոշ ժամանակ անց, ինչպես նաև 7 շրջանների և ադրբեջանցի փախստականների վերադարձ, իսկ հայկական կողմը հղում է անում ՀՀ-ի ու Արցախի բնակչության կամքին, թե հասարակությունները դեմ են այդ փաստաթղթին, ապա դա քարթ-բլանշ է Բաքվի համար, իսկ միջազգային հանրության համար դեստրուկտիվ են ընկալվելու հայկական կողմերը:
Չի կարելի հասարակությունների ցանկության վրա գցել բանակցություններում հնարավոր ձախողումը կամ փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելը՝ Ադրբեջանը կսկսի պատերազմ, իսկ Մինսկի խումբը դա ուղղակի չի ների, քանի որ նրա տարիներ տևած աշխատանքը այդպիսով ջուրն է լցվելու: