24.12.2024
Հայաստանն ու Իրանը կուժեղացնեն արագ արձագանքման համակարգը
11.07.2017
Հայաստանն ու Իրանը կուժեղացնեն արագ արձագանքման համակարգը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը եւ ՀՀ ում ԻԻՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական համագործակցությունը աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ պատահարներին ու աղետներին համատեղ արձագանքման ոլորտում՝ Իրանի «Կարմիր մահիկի» ընկերակցության հետ համատեղ աշխատանքի միջոցով: Վերջինս Իրանում գործում է շուրջ 95 տարի եւ ունի մոտ 9000 աշխատակից: Անդրադառնալով տարածաշրջանում աղետների ռիսկի կանխարգելման, խոցելիության բացահայատման ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնահարցերին՝ կողմերը քննարկել են փորձի փոխանակման եւ համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման հնարավորությունները: Իր խոսքում ԱԻ նախարարը հատկապես կարեւորել է իրանական փորձը նահանգային մակարդակում աղետների ռիսկի կառավարման եւ արագ արձագանքման ոլորտում՝ նշելով, որ Հայաստանը կարիք ունի ուժեղացնելու ճգնաժամային արագ արձագանքման համակարգը մարզերում: Կողմերն անդրադարձել են նաեւ փրկարարական կամավորական ուժերի ձեւավորման հնարավորություններին ու մեխանիզմներին, փրկարարների համար առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպմանը՝ վերջիններիս բուժպատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հաշվի առնելով ԻԻՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ ակտիվ զբոսաշրջությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվելՀայաստան-Իրան ավտոճանապարհին համատեղ հերթապահությունների իրականացման վերաբերյալ: Նախարար Տոնոյանը նաեւ նշել է, որ հանձնարարել է Սյունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնում ընդգրկել պարսկերեն լեզվին տիրապետող մասնագետներ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկները «911» ահազանգելու դեպքում հնարավորինս հեշտ սպասարկվեն: