Կառավարության այսօրվա նիստին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Շնորհավորելով գործադիրի անդամներին պաշտոններում վերանշանակվելու առթիվ, նախագահը նշեց, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցվեն. «Կան բոլոր հնարավորությունները՝ նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտելու համար»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանի խոսքով, կառավարության գործունեության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: «Մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում ու արդյունավետ: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իր ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր ու օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, անգամ նշված կառույցներից դուրս»,- ասաց երկրի ղեկավարը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է լինեն պահանջկոտ ու չբավարարվեն առկա ձեռքբերումներով, հակառակ պարագայում հեռու գնալ չի ստացվի: