VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մի կողմից՝ ողջ երկիրը քննարկում ու վերլուծում է հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է հիմնականում խտրական վերաբերմունքին, մյուս կողմից՝ նմանատիպ մի օրինագիծ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել։ Խոսքը «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծերին է վերաբերում, որոնք ներկայացվում են որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագծեր։ Սակայն նախագծերի ընդդիմախոսները նկատում են, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագիծը միտում ունի նաեւ պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը «խտրականության» ձեւակերպման տակ։ Այլ կերպ ասած, փորձ է արվում ազգային փոքրամասնություններին պաշտպանող օրենքի ներքո մեծ քննադատության արժանացած «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել։
Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը սահմանում է «խտրականությունը գործողություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների եւ ազատությունների տարբերակմանը, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի եւ հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ»։ Եւ հիմա հարց է առաջանում՝ իսկապե՞ս այս օրենքը իրավական դաշտում արտոնություններ կտա նաեւ սեռական փոքրամասնության խմբերին, այսինքն՝ ԼԳԲՏ համայնքներին։ Օրինակ, կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ աշխատանքի չընդունեն համասեռամոլի, եւ վերջինս այս օրենքի հիման վրա կարող է դատի տալ գործատուին եւ ասել՝ խտրականություն են ցույց տվել իր նկատմամբ եւ աշխատանքի չեն ընդունել։
«Իրավունք» թերթը գրում է. ««Ցավով պետք է ասեմ, բայց դիկտատուրան այսպես էլ սկսվում Է։ Այն բոլոր դիկտատորական ռեժիմները, որոնց մասին մենք պատմությունից գիտենք, նույն մեթոդներով են կյանքի կոչվել, որոնք այսօր տեսնում ենք ՀՀ–ում։ Տարբեր ժամանակներում հենց այսպես, նման քայլերով են սկսվել դիկտատորական ոեժիմները»։ Մեզ հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցմանը, ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ «Հաշվի առնելով, որ գործը պետք է մակագրվի այլ դատավորի, մենք պատրաստվում ենք դիմում գրել Աոաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի վերամակագրման գործընթացին մասնակից դառնանք մենք՝ պարոն Քոչարյանի պաշտպաններս եւ մամուլի միջոցները»,– ասել է նա»։
«Փաստ» թերթը գրում է. ««Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը գրանցվել էր որպես հասարակական կազմակերպություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նոր գրանցված այս հ/կ-ն առաջիկայում կուսակցություն է դառնալու, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվելու։ Այս ուժի ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի գրառումների համառոտ ուսումնասիրությունը պարզ է դարձնում, որ նոր ստեղծվելիք կուսակցությունը տեղավորվելու է, այսպես ասած, «կոնսենսուս մինուս 1»–ի մեջ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունների կասեցման թեման շարունակում է լայնորեն քննարկվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է նորացված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավորի կողքին, այլ բավարարեց գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը: Պարզվեց՝ ԲԴԽ նախագահն արձակուրդում է, բայց որոշ պարզաբանումներ տվեց: «Երբ միջնորդություն են ներկայացնում ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան: Այսինքն` գլխավոր դատախազը կամ նրա բացակայության դեպքում պաշտոնակատարը գալիս եւ ներկայացնում է նյութեր ու ապացույցներ, որոնց հիման վրա ԲԴԽ-ն` որպես դատարան, քննում է այդ հարցը: Այսօրվա քննադատությունները եւ ծափահարություները, որոնք հնչում են ԲԴԽ-ի հասցեին, չեմ ընդունում, քանի որ ոչ ոք չի կարդացել կասեցման որոշումը», – նշեց նա»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեկբերին: Այս մասին շշուկներ են շրջանառում նույն գործով անցնող Սարգսյանի արդեն նախկին թիկնապահները, որոնք այս պահին գրավով ազատ են արձակվել»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։ Մեր տեղեկություններով՝ Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում եւ այդ ժամանակ փորձում նրանց համոզել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվենցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, թե նման բան չկա»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն եւ ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների եւ օգտատերերի ցանկը։ Հանձնարարվել է նաեւ այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաեւ ՖԲ-ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ, ֆինանսական վնասներ պատճառում»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների խումբը հունիսին Հայաստանում էր: Հունիսի 17-ին կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության թիմը եզրափակեց 7-օրյա ստուգողական առաքելությունը, որի նպատակն էր քննարկել 2015թ. IRRS առաքելության կողմից տրված առաջարկների եւ խորհուրդների իրականացման ընթացքը: Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով եւ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից: ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանն ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում: Երկու օր առաջ ստացվել է ընդհանուր նախնական գնահատականը: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում փաստեց. այդ գնահատականը 4 առավելագույնից 3.82 է»:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի ակտիվությունն Արցախում հակասական արձագանքներ է առաջացրել: Մամուլում գրվել է, որ նա աջակցություն ունի նաեւ ռուսական որոշ շահագրգիռ խմբերից, որոնց նպատակն Արցախում ցնցումների իրականացումն է ու, ըստ այդմ, ՀՀ իշխանություններին հարված հասցնելը: «Փաստ» թերթի ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կարլոս Պետրոսյանն է, ում միջոցով էլ անհրաժեշտ աջակցություն է ստացվում: Սակայն խնդիրն այն է, որ Պետրոսյանը որեւէ «դոստուպ» չունի Կրեմլ: Ավելին, նա ջանքեր է գործադրել Կրեմլի որոշ շրջանակների բարեհաճությունը ստանալու համար, սակայն չի ստացվել: Կարլոս Պետրոսյանը ներկայումս ռուսական մեծ ընկերություններից մեկի անվտանգության պետն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Դատական օրենսգրքում», որով հնարավորություն կընձեռվի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքում։ Եվ բնականաբար, այս իրավիճակում այդպիսի լիազորություն է ունենալու Բարձրագույն դատական խորհուրդը։ Նման փոփոխություն անելու կարեւորությունը նաեւ ակնառու դարձավ վերջերս, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1 մլն 608 հազար եվրո։ Եվ եզրակացությունում նշված էր, թե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել։ Եվ չնայած դրան, այս հարցի վերաբերյալ քննություն իրականացնելու լիազորություն այժմ առկա չէ, եւ դրա բացը եւս Դատական օրենսգրքինն է։ Բանն այն է, որ նախկին Դատական օրենսգիրքը թույլ էր տալիս եւ նախատեսում էր ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորին պատասխանատվության ենթարկել։ Սակայն այժմ գործող Դատական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի ընձեռում, եւ ավելին՝ օրենսգրքում ասվում է՝ եթե դատական վարույթից եւ դատական ակտի կայացումից անցել է հինգ տարի ժամկետ, ապա կարգապահական վարույթ չի կարող հարուցվել։ Եվ ինչ-որ մի տեղ հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ նախկինում դատավորներն արարքներ են թույլ տվել եւ չեն վախեցել պատասխանատվությունից, քանի որ դրա համար ժամկետ էր նախատեսված»:
«Իրավունք» թերթը գրում է. «Սանիթեքի» սպառնալիքը՝ Երեւանի աղբահանության թեմայով ասուլիս անցկացնել Թբիլիսիում, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, շոկային է եղել ՀՀ իշխանական վերնախավի համար։ Աղբյուրը տեղեկացրել է, որ իշխանական վերնախավը եւ անձամբ Փաշինյանը բավականին հստակ հասկացել են, որ քաղաքական առումով նման քայլը եթե ոչ մահացու, ապա առնվազն ծանրագույն հետեւանքներ կունենա։ Այսինքն, «Սանիթեքը», լինելով միջազգային կազմակերպություն, եթե Թբիլիսիում ասուլիս անցկացնի եւ իր այդ քայլը բացատրի, թե մտավախություն ունի, ընկերության ղեկավարությունը կարող է հետապնդումների ենթարկվել, ապա Հայաստանն անմիջապես պետք է վերջնականապես մոռանա ոչ միայն օտարերկրյա ներդրումների մասին, այլ միանգամից ձեռք կբերի ոչ միայն ներդրողներին, այլ ամեն մի այլախոհություն հետապնդողի վարկանիշ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։ Արդյունքում, ըստ աղբյուրի, անմիջապես շփումներ են սկսվել ընկերության ղեկավարության հետ, տրվել են բազմաթիվ խոստումներ, թե ասուլիսը Երեւանում արեք, որեւէ խնդիր չի լինի։
Սակայն ընկերությունը նաեւ իրեն իրավունք է վերապահել, որ կասեն այն ամենը, ինչը ցանկանում էին ասել։ Ընդ որում, Թբիլիսիում ասուլիսը չեղարկելով եւ այն Երեւանում անցկացնելու մասին հայտարարությունում ընկերությունը նաեւ ֆիքսեց. «Չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»։ Այսինքն, որ անձնական անվտանգության առումով մտավախություններ եղել են եւ պահպանվում են։ Ավելին, աղբյուրը նաեւ փոխանցեց, որ այդ փաստն ընկերությունը հատուկ է շեշտել, որպես երաշխիք, որ հետապնդումներ իրոք չեն լինի։ Այսինքն, նման հայտարարությունից հետո հետապնդումների դեպքում միանգամից հայաստանյան իշխանական վերնախավը կհայտնվի աշխարհով մեկ «իզգոյի» կարգավիճակում։
Միաժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ «Սանիթեքի» հետ ամենավերին մակարդակով շփումները դեռ շարունակվում են նպատակ հետապնդելով գտնել ինչ-որ միջոցներ, որոնք ընկերությունը կհամարի բավարար եւ մայրաքաղաքի աղբահանության մասին ողջ իրական պատկերը չի հանի ջրի երես։ Կգտնվե՞ն նման լուծումներ, դա կերեւա ուրբաթ օրը տեղափոխված ընկերության ասուլիսից։ Ընդ որում, կան կցկտուր խոսակցություններ, որ խնդիրն արդեն ամենեւին էլ միայն ֆինանսական հարթությունում չէ։ Այսինքն, որ «Սանիթեքը» պարզապես հրաժարվում է գործ ունենալ քաղաքապետ Հայկոյի հետ։ Ավելին, նույն լուրերը տեղեկացնում են նաեւ, որ իշխանական վերնախավում եւս թբիլիսյան չկայացած ասուլիսի եւ դրա քաղաքական հետեւանքների պատճառով Հայկոյից դժգոհությունները հասել են ծայրահեղության։ Սակայն հաշվարկում են, որ այս պահին նրանից հրաժարվելը եւս կունենա ծայրահեղ ծանր քաղաքական հետեւանքներ, ու լուծում չի գտնվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ռազմական ոլորտում պրոֆեսիոնալ մարդկանց։ Բանն այն է, որ հանձնաժողովի անդամներն այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց կենսափորձը եւ ընդհանրապես մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պարզելու պատերազմի բոլոր հանգամանքները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը նպատակ ունի ներգրավել նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե հրավեր դեռ չի ստացել, սակայն կգա մեկ պայմանով։ «Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա, բացահայտելու, օգնելու համար՝ սիրով։ Թե չէ մարդիկ այլեւս չեն գնա պատերազմի, կասեն՝ դե դուք գնացեք...», - նշեց նա»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր անդամ Սեդա Շահինյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ Ս. Շահինյանը հայտարարագրել է երկու բնակարան և երկու ավտոտնակ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 000 000 ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 085 945 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 5 114 947 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 2 970 998 ՀՀ դրամը ստացված փոխառություններից (վարկեր): Սեդա Շահինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է դարձել 2019թ. մայիսին»: