Վերջին շրջանում Ադրբեջանը ավելի է հաճախակիացրել հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին, և անցած մեկ շաբաթում ունենք և՛ զոհ, և՛ վիրավորներ Տավուշում: Այս ամենը Արցախում թվացյալ անդորրի ֆոնին, բայց արդյոք այս խաբուսիկ անդորրը ընդամենը ժամանակավոր բնույթ չի կրում:
VERELQ-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղությամբ հակառակորդի ցանկացած ակտիվացում ուղիղ կապ ունի արցախյան ճակատի հետ: Ըստ նրա, բանակցային գործընթացում առկա վիճակը տրամաբանորեն հուշում է, որ Ադրբեջանը ինչ որ կետից, որոշակի դադարներով, սկսելու է ակտիվանալ:
«Պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն, իսկ նա պատասխանատվություն է զգում՝ անվերապահորեն պահելու դա»,- նշեց նա:
Ըստ նրա, բանակցային գործընթացը, որ ներկայումս սառեցված վիճակում է, հարկավոր է վերակենդանացնել, իսկ դրա համար ընդամենը կամք և ցանկություն է անհրաժեշտ:
«Ադրբեջանը համենայդեպս դրանցից ոչ մեկը չի դրսևորում, ինչն էլ որոշակի պարբերությամբ սահմանային սրացումների է հանգեցնում»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այսօր շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ Արցախում արդեն նախանախընտրական մթնոլորտ է և սովորաբար ներքաղաքական զարգացումների ժամանակ հակառակորդն ակտիվանում է, ակնկալո՞ւմ են ադրբեջանական կողմի սադրանքներին, Տիգրան Աբրահամյանը դրական պատասխան տվեց՝ միանշանակ: Ընդ որում, նրա խոսքով, դա շատ կանխատեսելի է:
«Ցնցումների թիվ մեկ շահառուն Ադրբեջանն է: Քաղաքական իշխանության, ընդդիմադիր ուժերի և իհարկե, մեր հասարակության պահվածքից է կախված իրավիճակի հնարավոր փոփոխությունները: 2020 թվականին նոր նախագահ ենք ունենալու, խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ նաև նոր խորհրդարան: Անվտանգության առումով, վատ միջավայրում գտնվող երկրի համար, բարդ ժամանակահատված է: Սահուն գործընթացները պետք է ապահովենք մեր քաղաքացիների համախմբվածության և մեր համազգային շահերը ենթադրող որոշումների միջոցով»,- ասաց նա, հավելելով, որ այդ ամենից է կախված, թե ինչ ուղղությամբ և ինչպես կշարժվեն առաջիկա տարիներին: