Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարելու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել է այսօր: Նշենք, այսօր վերջին օրն է, երբ խմբակցությունները կարող են առաջադրել նախագահի իրենց թեկնածուին։ Ընտրությունը կկայանա հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր՝ գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։ Անցումային շրջանը, համաձայն նոր Սահմանադրության, 2017-2020 թթ-ն է: Ընդդիմադիրների պնդմամբ՝ սահմանադրական բարեփոխումներով Բակո Սահակյանը տեսականորեն հնարավորություն ստացավ Արցախը ղեկավարելու մինչև 2030թ․՝ ընդհանուր առմամբ՝ 23 տարի։