Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ավելի քան 10.000 կուսակից և համակիր անդամներով:
Հարությունյանն Արցախում 2020թ.-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ փորձում է իր լոյալությունը ցուցադրել Նիկոլ Փաշինյանին և այդ կերպ ստանալ նաև Երևանի կանաչ լույսը՝ գալիք ընտրություններում հաղթելու շանսերը մեծացնելու նպատակով:
Արայիկ Հարությունյանը մեծաքանակ համակիրներ բերելով հրապարակ նաև ուժի ցուցադրություն է անում՝ ՀՀ վարչապետին ցուցադրելով, թե ինչքան համակիրներ ունի Արցախում և դա ընտրություններին ընդառաջ նաև էլեկտորալ ուժերի և կարողությունների ցուցադրություն է: Թե ինչպես կարձագանքի Փաշինյանը պարզ կլինի նրա այսօրվա ելույթից, սակայն հավանաբար նա կոչ է անելու անցկացնելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ և կկանգնի այն թեկնածուի կողքին, ում կընտրի Արցախի բնակչությունը:
Կոնկրետ Արայիկ Հարությունյանին աջակցությունը կհամարվի Փաշինյանի կողմից Արցախի ներքին գործերին կոշտ միջամտություն և կոնկրետ թեկնածուի օգտին արվող PR ակցիա, ինչը սուր քննադատության կարժանանա թե՛ մյուս թեկնածուների կողմից, թե՛ Արցախի բնակչության, ով չի ցանկանա, որպեսզի իր ընտրությունն ուղղորդվի Երևանից:
Հարությունյանն արդեն մեկ անգամ մեսիջ հղել է Փաշինյանին՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀ-ում կայացած թավշյա հեղափոխությանը:
Նա փորձում է որոշակի դիստանցիա պահել Բակո Սահակյանից և իրեն ներկայացնել անկախ թեկնածու, որ ինքն Արցախի գործող իսթեբլիշմենթի նախընտրած թեկնածուն չէ և, իբր, գործում է ինքնուրույն:
Նախկիններից դիստանցիան պայմանավորված է այն հանգամանքով, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը միջնորդել էին դատարանի առաջ, որպեսզի փոխվի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու դա Փաշինյանի սուր քննադատությանն արժանացավ:
Այս պահին սուր մրցակցություն է ընթանում Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի միջև. Բաբայանը չի ակնկալում Երևանի աջակցությունը, սակայն արդեն մեծաքանակ ստորագրություններ է հավաքել Արցախում իր մասնակցությունն Արցախի 2020թ.-ի նախագահական ընտրություններին ապահովելու համար: Այդ կերպ է նա ցուցադրել իր ուժն ու աջակիցների բանակը:
Թե ինչպես կարձագանքի Փաշինյանը Հարությունյանի և Բաբայանի էլեկտորալ ուժի ցուցադրությանը ցույց կտա ժամանակը, սակայն ամենակարևորն այն է, որպեսզի Արցախի ընտրություններն անցնեն առանց ցնցումների, քանի որ ներքաղաքական բախումներից Արցախում օգտվելու է միայն մի կողմ՝ Ադրբեջանը, որը հարձակում է սկսելու սահմանների ողջ երկայնքով: