26.11.2024
Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հին համակարգը թերություններով էր, բայց այն ինչ-որ ձևով ինչ-որ խնդիրներ լուծում էր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ վարչապետի ելույթն, իհարկե, հետաքրքիր էր եւ արժանի է առանձին վերլուծության: Բայց ավելի ուշագրավ էին կիրակի օրը նրա հնչեցրած գնահատականներն այն մաիսն, որ երկիրը «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»: «Կաթվածահար» եւ «ձախողված» մակդիրների միջև, անշուշտ, կա քարոզչական չափազանցություն եւ ներկա իրավիճակը «անցյալի ծանր ժառանգությամբ» արդարացնելու փորձ: Իր եզրակացությունները Փաշինյանն արել է 2014թ. «գաղտնի զեկույցի» հիման վրա, սակայն որքան ես գիտեմ, նման զեկույցների վերաբերյալ կամ պաշտոնական որոշում է ընդունվում գաղտնազերծել (օրինակ, վերջերս Թրամփի հրամանագրով գաղտնազերծվել է Քենեդիի սպանության վերաբերյալ Ուորրենի հանձնաժողովի զեկույցի մի մասը), կամ ընդհանրապես չի խոսվում: Բնական է, որ վարչապետի գնահատականներից «նախկինները» նեղվեցին եւ սկսեցին իրենց հակաքարոզչությունը՝ թե իրենց ժամանակ պետական ինստիտուտները հրաշալիորեն գործում էին, ինչը նույնպես, կարծում եմ, ծայրահեղական տեսակետ է:


Բայց ես միշտ փորձում եմ մաքրել քաղաքական գործիչների ասածները քարոզչական կեղեւից եւ գտնել դրանց միջի ռացիոնալ հատիկը: Իսկ տվյալ դեպքում ռացիոնալ հատիկն այն է, որ հին համակարգը թեեւ բացահայտել է իր աղաղակող թերությունները եւ մեծ հաշվով՝ անարդյունավետությունը, այն ինչ-որ ձեւով ինչ-որ խնդիրներ լուծում էր: Հին համակարգը հիմնված էր «սեւ», չվերահսկվող (որպես կանոն՝ կոռուպցիոն) փողերի շրջանառության վրա: Եթե ինչ-որ տեղ վիճակը դառնում էր փակուղային, ոլորտի պատասխանատուն, որը մինչ այդ կուտակել էր հսկայական կապիտալ՝ այդ նույն ոլորտը կողոպտելով, իր «սեփական միջոցներով» (այսինքն՝ կողոպտածի մի մասով) կարողանում էր կարկատաններ անել եւ հարցերը լուծել «ախպերական ձեւով»: Այսպես չէր կարող շարունակվել, եւ այդ համակարգը վաղ թե ուշ պիտի պայթեր: Դրա փոխարեն ստեղծել այնպիսի «սպիտակ» համակարգ, որը գործում է քաղաքակիրթ երկրներում ծանրագույն, բայց իրականանալի խնդիր է: Բայց նախեւառաջ թուլ տվեք կասկած հայտնել՝ արդյող մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են այդպիսի համակարգ, արդյոք նրանք պատկերացնո՞ւմ են, թե օրինապաշտության ինչ մակարդակ է այն ենթադրում:


… 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով: Դա, իհարկե, շատ լավ է: Բայց վերը նշված տրամաբանությամբ՝ եթե պետական համակարգն ունի նկարագրված արատները, ապա այդ ավելացումը վճռական նշանակություն չունի: Ենթադրենք, բաժակը լցվում է ոչ թե 75, այլ 100 տոկոսով: Եթե այն ծակ է, ջուրը, միեւնուն է, թափվելու է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։ Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։ Միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը։ Եվ այս պարագայում տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախանշված»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ Մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում և գյուղերում, սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել՝ 2200-ով։ Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաև ծնվածների թիվը։ Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամականահատվածում՝ 16 հազար 261, իսկ 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 17 հազար 171։ Ավելացել է նաև մահացածների թիվը․ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացածների թիվը աճել է 572-ով»։