2025-ին, ինչպես նախորդ տարիների ընթացքում, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրման միջավայրը բարելավելու հարցերը շարունակել են մնալ ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունների թվում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերված աջակցության մասին:
Նրա խոսքով՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր այս ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետորեն կառավարել ճգնաժամը, այլև ստեղծել են հուսալի նախադրյալներ հրատապ աջակցությունից սոցիալ-տնտեսական ինտեգրման անցում ապահովելու համար:
«Եթե 2023-2024 թվականներին բյուջետային ծրագրերով ֆինանսավորվող աջակցության ձևաչափերում Կառավարության առաջնահերթությունը տեղահանվածների կեցության ծախսերի, այդ թվում՝ վարձավճարների փոխհատուցումն էր, ապա 2025-ին առաջնային է համարվել բնակարանային լուծումների, ինչպես նաև սեփական աշխատանքով արժանապատիվ բարեկեցությունը ամրացնող ծրագրերի իրականացումը»,- հայտնեց փոխվարչապետը:
Խաչատրյանը տեղեկացրեց նաև՝ 2026-ի մայիսի 31-ի դրությամբ բնակարանի գնման ծրագրի շրջանակում հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի, որոնցում ներառված են 26 հազար 432 մարդ:
«Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13400 մարդ արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը: Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ»,- հայտնեց նա:
Փոխվարչապետը տեղեկացրեց նաև՝ 2025-ի տարեվերջին Կառավարությունը հաստատեց նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի համար վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը, շարունակվել դրամական աջակցության ծրագրերը:
«Ընդհանուր առմամբ 2025-ին վերոնշյալ աջակցության ծրագրերի ուղղությամբ ծախսվել է շուրջ 38 մլրդ դրամ, իսկ 2026-ի պետբյուջեով նույն ծրագրային ուղղություններով հատկացումների գումարը 55 մլրդ է»,- հայտնեց նա՝ ընդգծելով՝ 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 31 հազար 300 տեղահանված մեր հայրենակիցներ ունեն մշտական աշխատանք կամ ինքնազբաղվածություն:
«Ընդհանուր առմամբ, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից փաստացի ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ, իսկ 2023-ից ի վեր՝ շուրջ 146 մլրդ դրամ»,- հայտնեց փոխվարչապետը: