Գնաճը թիրախից բարձր մակարդակում է՝ կազմելով 4.2%. ԿԲ
2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2%: Այս մասին նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։
Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5․1%: 2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների երկար պահպանման պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերն ավելացել են:
Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն ավելի առարկայական են: Մասնավորապես, Եվրագոտում և Ռուսաստանում առաջին եռամսյակում գրանցվել է տնտեսական անկում, իսկ կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ նպաստելով նաև այս տնտեսություններում աճի կարողությունների թուլացմանը։
Զուգահեռաբար՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հարաբերական կայունացման պայմաններում, դիտարկվում է էներգակիրների գների որոշակի նվազում, այդուհանդերձ, ապրանքահումքային և պարենային ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։
Այս համատեքստում, հաշվի առնելով գնաճային միջավայրի զարգացումների շուրջ բարձր անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերը պահպանվում են: