Երբ փորձառու օդաչուները դառնում են ոչ պետքական կամ մի ուղղաթիռի պատմություն
«Արմ-Աէրո» ընկերության աշխատակիցները` օդաչուներ, տեխնիկներ, բորտ ինժեներներ այսօր հայտնվել են գործազուրկի կարգավիճակում: Պատճառը նրանում է, որ այն ուղղաթիռը, որով չվերթներ էին իրականցնում, այլևս շահագործման ենթակա չէ:
VERELQ-ի հետ զրույցում Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող օդաչուները նշեցին, որ մինչև ռազմական ավիացիայի ստեղծումը, Արցախյան պատերազմի տարիներին, իրենք ռազմաճակատ զենք-զինամթերք էին հասցնում, սակայն այսօր այդ փորձառու օդաչուները, փաստորեն, պետքական չեն.
«Հայտնվել ենք անելանելի վիճակում, բայց այլընտրանք չունենք»,- ասաց ուղղաթիռի հրամանատար-հրահանգիչ Կարեն Վարդանյանը:
Ընկերության 10 աշխատակցի կարիերան, փաստացի, կախված էր մի ուղղաթիռից, որն այլևս շահագործման ենթակա չէ: Բայց, ասում է դրա անձնակազմը, բայց դա մետաղ է, իսկ իրենք մարդիկ, որ ամբողջ կյանքում զբաղվել են իրենց գործով ու այսօր չեն էլ պատկերացնում, թե ինչպես ապրեն հետո:
«Անձնակազմը ստեղծված այս անելանելի իրավիճակի մասին ծանուցվել է 10 օր առաջ, քանի որ նրանց հետ կնքված պայմանագիրը երեք ամիս ժամկետով է»,- տեղեկացրեց «Արմ-Աէրո» ընկերության տնօրեն Սամսոն Հակոբյանը:
Իրենց խնդիրը նամակով ներկայացրել են ՀՀ կառավարությանը, որպեսզի այս հարցը այդ բարձր մակարդակով քննարկվի և լուծում գտնվի: Նրանք հույս ունեն, որ դա իրավիճակ կփոխի իրենց ճակատագրերում. ասում են` այդքան էլ հեշտ չէ լավ օդաչու պատրաստել, տարիների փորձ կուտակել: Բայց այժմ սպասում են` երբ կհասնի նամակը հասցեատիրոջը և արդյոք այն արդյունք կտա: