ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապ հաստատել. վարչապետ
Իհարկե, ես վստահ չեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կհետևի ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում այդ պայմանավորվածությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ, կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որ մենք պայմանավորվել ենք հաստատել և մենք նաև վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պաշտոնապես կտեղեկացնենք այդ մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապ հաստատել, թեև առայժմ պարզ չի, թե տեխնիկապես դա ինչպես է իրականացվելու, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, ՀՀ Զինված ուժերը 100 տոկոսով պահում են պայմանավորվածությունը և հույս հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ:
Վարչապետը նաև կիսվեց Իլհամ Ալիևի մասին իր տպավորություններով, նշելով, որ Իլհամ Ալիևը դրական տպավորություն է թողել, քաղաքակիրթ զրուցել են.
«Կրթված մարդու տպավորություն է թողնում»,- ասաց նա:
Նրանց միջև հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա, բայց կա, կրկնեց Նիկոլ Փաշինյանը, պայմանավորվածություն մշտական կապ հաստատելու շուրջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Փաշինյանը Դուշանբեից վերադառնալուց հետո որոշակի մանրամասներ էր ներկայացրել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հետ քննարկումների մասին: