Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը և օպերատիվ կապ ստեղծել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեից վերադառնալուց հետո որոշակի մանրամասներ է ներկայացրել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հետ քննարկումների մասին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք», - ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին, ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել էին այսօր՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Նա տեղեկացրել էր, որ զրուցել է Ալիեւի հետ եւ խոստացել ավելի ուշ մանրամասներ ներկայացնել այդ խոսակցության մասին:
ՀՀ վարչապետը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է քննարկվել: “Այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը”, - ասել է նա ու հավելել, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Փաշինյանը հավելեց նաեւ, որ hանձնարարական ու համապատասխան հրաման է տրվել հայկական զինված ուժերին ու իր վարչապետ ընտրվելուց ի վեր, երեկ գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել:
«Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն, քանի որ դրանք պահպանելը չափազանց կարեւոր է: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշեց նա: