VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։ Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան եւ այլք։ Իսկ Վարդան Օսկանյանը կա՞, մեզ ասացին՝ դասավանդում է ԱՄՆ-ում, գիրք է գրում։ Առայժմ չի ցանկանում «երեւալ», սակայն գրքի պրեզենտացիայից հետո գալու է․ «Այս պահին «թիմում» սպասողական վիճակ է՝ նախ վճռաբեկ դատարանի որոշման պահով․ դատելով վերջին շրջանում Քոչարյանի հանգիստ վիճակից, կարելի է կարծել, որ նա չկալանավորվելու երաշխիք է ստացել։ Հայցը ՍԴ-ին է վերահասցեագրվելու՝ անձեռնմխելիության մասով, ապա սպասում են ԱԺ-ի շուրջ զարգացումներին։ Քոչարյանի թիմում կատեգորիկ դեմ են ԱԺ լուծարմանը։ Քոչարյանն առաջին օրվանից ասել է՝ ես վերադառնում եմ քաղաքականություն ո՛չ պաշտոնի համար․ հարկավոր է ԱԺ ուժերի հետ համաձայնեցված գտնել մի ուժեղ գործիչ եւ առաջադրել վարչապետի պաշտոնում, «որը վերջ կտա երկրում տիրող այս քաոսին»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ: Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ուժերի հետ: Այդ մասին բարձրաձայնել է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ականները նաեւ հանգիստ են այն առումով, որ կարծես թե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը եւս կողմ չեն այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ: ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը, սակայն ոչ արտահերթ ընտրություններին շուտ գնալուն: Եվ, առհասարակ, նրանք դեմ են հրատապ ընտրություններին: Նրանց միակ փաստարկն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքին եւ, որպես այդպիսին, չկա քաղաքական ճգնաժամ, եւ արտահերթ ընտրություններ այժմ ամենեւին էլ պետք չեն:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով և դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։ ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է և չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք պատրաստ են վարչապետի հետ քննարկումներ սկսել այն օրակարգով, որը կառաջարկի վարչապետը։ Իսկ երեկ արդեն Շարմազանովը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չէ, և վարչապետը ինչ ուզի, կարող է անել՝ դրանով իսկ ակնարկելով, որ Փաշինյանն էլ չունի մեծամասնություն։ Իսկ ԱԺ փոխխոսնակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք հենց հիմա գնանք ընտրության, որ նոր քաղաքական մենաշնորհ ստանանք, հետո կրակն ընկնե՞նք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկությունները ավարտվել են: Ինչպես հայտնի է, նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: Սակայն հանրությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին. թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում: Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունը ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռքում՝ կրիչի վրա են ներբեռնե՞լ եւ անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանվել էր արտակարգ դրություն մտցնելուց հետո: «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»: Նկատենք, որ նախկին փաստահավաք խմբի զեկույցում նշված է, թե Աբգարյանին մահացու հրազենային վիրավորում հասցվել է ոչ թե արտակարգ դրություն մտցնելուց հետո, այլ ավելի վաղ՝ մարտի 1-ին` ժամը 22.20 սահմաններում, նա մահացել է արդեն ապրիլի 11-ին` այդպես էլ գիտակցության չգալով: Արտակարգ դրություն մտնցելու հրամանագիրը ներկայացնելիս նախկին նախագահ Ռ. Քոչարյանն ասել էր, թե ինքը զոհերի մասին տեղեկություններ չունի, այլ խոսքը վիրավորների մասին է: Այդ դեպքում տարօրինակ է, որ ՀՔԾ պետը նման հայտարարություն է անում` ստվերելով քրեական գործի ընթացքը: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից պատասխանեցին. «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի միայն հրապարակային ելույթներին»: Թե որտեղ եւ երբ է նման հայտարարություն արել, այդպես էլ մնում է անհայտ»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 000 ԱՄՆ դոլար և 1 500 000 ՀՀ դրամ: Լենա Նանուշյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 7 074 000 ՀՀ դրամ: Նշենք, որ Լ. Նանուշյանն այս պաշտոնին է նշանակվել հունիսի 4–ին: Նախարարի տեղակալն աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.): 2002– 2006 թթ. դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003– 2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012–2013 թթ. զբաղեցրել է առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: 2013 թ. մինչ 2018 թ. հունիսի 4–ը նա եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգողը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը: Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն: Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից և պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին: Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. Հակոբյանն ու Ավինյանը համակուրսեցիներ են»:
«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սևանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է: Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն: Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, և «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։ «168.am»-ը Ա.Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է: «Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարևոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, և ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը և պատասխանատուն վերցրել է այդ բեռն իր ուսերին և դիմել է նաև մեզ՝ աջակցելու համար, որպեսզի Սևանի գործարանը վերագործարկվի»,- ասաց Մինասյանը:
Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Սամվել Ալքեսանյանը բաժնեմաս ունի՞, թե՞ ոչ: «Ես չգիտեմ: Ըստ մեզ մոտ եղած փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հոդվածների՝ Սամվել Ալեքսանյան անուն չկա: Բայց նորից եմ ասում՝ դա մեր նախարարության իրավասության հարցը չի: Եվ նույնիսկ ցանկացած սուբյեկտ, եթե ունի լրացուցիչ այլ մրցակից կազմակերպություն, դա տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում է»,- ասաց նախարարը:
Մեր դիտարկմանը, որ, եթե այս գործարանն էլ է պատկանում Ալեքսանյանին, ապա մենաշնորհի խնդիր է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Մենք ունեինք մեկ սուբյեկտ, որը գործունեություն էր ծավալում, հայտնվել է երկրորդ սուբյեկտը: Ես չգիտեմ՝ ում է պատկանում, բաժնետերերից մեկի մասին խոսեցի, ով գտնվում էր այդտեղ և պատասխանատու էր, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր»: Նախկինում Սևանի շաքարի գործարանը լուրջ մրցակցություն էր առաջացրել շաքարի մենաշնորհատեր համարվող Սամվել Ալեքսանյանի համար: Գործարանն իր գործունեությունը սկսել էր 2003 թվականին: Կատարվել էր շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն էր սկսել ՎԶԵԲ-ի հետ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվում էր ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ իրացվում էր Հայաստանի ներքին շուկայում: 2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել էր 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400 հազար ԱՄՆ դոլարի։
Սակայն հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր անհայտ կամ հայտնի, բայց չբարձրաձայնվող պատճառներով: Իսկ վերջին շրջանում, մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ սկսվեցին գործարանը վերագործարկելու ուղղությամբ, թարմացվել են նախկին գործընկերների հետ կապերը, և նախատեսվում է 34 մլն դրամի ներդրում իրականացնել: Ընկերության ղեկավարները խոստանում են, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունն այլ երկրներում շաքարի գների տատանումներից»: