26.11.2024
Մամուլ. Քոչարյանը շատ հանգիստ է, նա չկալանավորվելու երաշխիք է ստացել
prev Նախորդ նորություն

Հայկական ԶԼՄ-ներում նվազել է հակառուսական հրապարակումների թիվը. Ղուկասյան

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց «Մոնիթորինգ. հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների ԶԼՄ-ների տեսանկյունից Հայաստանում «Թավշյա» հեղափոխությունից հետո» թեմայով անցկացրած վերլուծության արդյունքները:

Ուսումնասիրվել են հայ-ռուսական հարաբերությունների մասին հայկական և ռուսական լրատվամիջոցներում եղած հրապարակումները: Փորձագետը նշեց, որ հայաստանյան ԶԼՄ-ներում նախորդ տարվա համեմատ պակասել են հակառուսական տրամադրությունները:

Մոնիթորինգը արվել է այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին և ներառել է առաջնային հայկական և ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ները: Նմանատիպ վերլուծություն ակումբը կատարել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Արման Ղուկասյանն ընդգծեց, որ մոնիթորինգը հստակ ցույց է տվել, որ ռուսական լրատվամիջոցներում էլ մեծացել է հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ:

«Մենք այս տարվա ուսումնասիրությունը համեմատել ենք նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում արված ուսումնասիրությունների հետ: Այս երկու տարիների ընթացքում ընտրել ենք նույն ժամանակամիջոցը, քանի որ նախորդ տարի հունիս-օգոստոս ամիսներին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումներն էին, իսկ այս տարի «Թավշյա հեղափոխությանը» հաջորդող գործընթացներն էին», - ասաց Ղուկասյանը:

Նա նկատեց, որ և հայկական, և ռուսական լրատվամիջոցներում չի նկատվում ռադիկալություն: «Հայ-ռուսական հարաբերությունները լուսաբանվում են ավելի հստակ, ավելի կոնկրետ։ Տեղեկատվությունը հասցվում է հանրությանն ավելի օբյեկտիվորեն, դա նաև շաղկապում ենք նրա հետ, որ Հայաստանը սկսել է բարձրացնել կոնկրետ հարցեր, որին պետք է ռուսական կողմն արձագանքի», - ասաց նա։

«Այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե 70 տոկոսով հայկական ԶԼՄ-ներում նվազել է հակառուսական հրապարակումների թիվը: Անցած տարի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը լուսաբանվում էր, շատ հաճախ ապատեղեկատվություն կարող էր լինել, իսկ «Թավշյա հեղափոխությունից» հետո հայկական լրատվամիջոցներն ավելի օբյեկտիվ են լուսաբանել հայ-ռուսական հարաբերությունները», - ասաց Ա.Ղուկասյան

Արման Ղուկասյանը նաև մատնանշեց՝ գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունների օրոք գործում էին լրատվամիջոցներ, որոնց նպատակը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելն էր: Իսկ այսօր, ըստ նրա, չնայած որ շատերը նշում են, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լուրջ լարվածություն, մամուլն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է լուսաբանում։

«Իմ կարծիքով՝ այս իշխանությունները պարզապես բարձրացնում են կոնկրետ խնդիրներ։ Ասացին՝ խոսելու են գազի սակագնի վերաբերյալ: Նախկինում նման բան չի եղել, լավ կլինի, որ այդ միտումը պահպանվի»,- ասաց նա՝ ենթադրելով, որ կոնկրետ խնդիրների մասին խոսելը կարող է կանխել բացասական տրամադրությունների առաջացումը։


Արման Ղուկասյանի խոսքով, եթե այս տարվա վիճակագրությունն ենք միայն դիտարկում, ապա նկատելի է, որ մամուլում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ լարվածություն կար հունիս-հուլիս ամիսներին՝ նաև պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալումով, իսկ արդեն Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո իրավիճակը հանդարտվեց։