26.08.2026
Վարչապետն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման կարևորությունը
15.11.2019
Վարչապետն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նախ նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մասնավորապես, փոխվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի ենթակայությունը և Պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Նա հույս է հայտնել, որ այս կառուցվածքային փոփոխությունը կնպաստի, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում էական փոփոխություններ և տեղաշարժեր արձանագրենք՝ հենվելով արդեն իսկ այս պահին եղած արդյունքների, կատարված աշխատանքների վրա։ «Այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է, և դրա կարևորությունը, իհարկե, բացատրելու անհրաժեշտություն չկա», - ասել է Փաշինյանը: Նիստում զեկույցով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության միջև գործուն կապի ձևավորմանը վերաբերող հարցեր: Հավանության է արժանացել Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների 2020թ. պետական պատվերի անվանացանկը: