23.11.2024
Կոտայքի մարզում պայթյուն է որոտացել, փլուզվել է բնակելի տուն. կան տուժածներ
prev Նախորդ նորություն

Կենդանիների մորթը՝ միայն սպանդանոցներում. կառավարությունը խստացումների է գնում

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները:


Տեսչական մարմնի ղեկավարը հիշեցրել է մեկ տարի շարունակ անցկացված ամենատարբեր քննարկումների ու պայմանավորվածությունների մասին, հատկապես՝ որ կենդանի կենդանու տեղափոխումը պետք է իրականացնեն սպանդանոցները:


Քննարկումների արդյունքում ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, իսկ 1 գլուխ կենդանու դեպքում սպանդը կիրականացվի 3000 դրամով:


Խոզերի սպանդը կիրականացվի առավելագույնը 5000 դրամով, մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500, խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 դրամով:


Բացառապես սպանդանոցներում մորթի իրականացման դեմ բողոքում են մսավաճառները: Նրանք հունվարի 16-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրեցին:


Սպանդանոցում սերտիֆիկատ չունեցող միսը շրջանառությունից դուրս է բերվել, իսկ հունվարի 15-ից խստացումներ են այս ոլորտում:


Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը խոստացավ բարձրացվող մի շարք հարցեր առանձին քննարկել: Մսավաճառները պնդում էին՝ կառավարությունը ծանոթ չէ սպանդանոցներում տիրող իրավիճակին:


Ակցիան ավարտվեց, մասնակիցները խոստացան՝ հունվարի 17-ի առավոտյան նորից կհավաքվեն կառավարության առջև, մինչ այդ կսպասեն կառավարության պատասխանին: