23.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույք- հաշիվների վրա կալանք է դրվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։ Այս տնտեսական տեռորը սկսվել է վարչապետ Փաշինյանի՝ «թաթիկները կտրելու» հայտնի արտահայտությունից հետո, որն արվեց տարեվերջին ԲՀԿ-իշխանություն հերթական փոխհրաձգության ժամանակ։ «Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, ՀՀ-ում բռնել են էդ նախագիծը, կթել են որպես կթու կով, ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ»,- ասել էր նա։ Հայտնի է, որ «Հյուսիս-հարավ»-ով քրեական գործ է հարուցված Ծառուկյանի ընկեր, «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։Հիմա Առուստամյանի հետ փոխկապակցված երրորդ անձանց նկատմամբ եւս քրեական գործեր են հարուցվել եւ կալանքներ դրվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը այս պահին ուսումնասիրում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ֆինանսների նախարար աշխատած ժամանակահատվածում վարկային և դրամաշնորհային միջոցների ծախսը: Ըստ առկա փաստաթղթերի՝ սեփականության իրավունքով Խաչատրյանին պատկանող «Երևան Մոլ» և «Յուքոմ» ընկերությունները ամբողջությամբ ձեռք են բերվել պետական միջոցներով: Երեք տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նման տպավորիչ հաջողության արձանագրումը համաձայնվեք, որ ամեն մեկի խելքի բանը չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գինը բարձրացնելու հայտով կդիմի հանձնաժողովին: Եթե «Գազպրոմ Արմենիան» դեռ չի դիմել հանձնաժողովին, ապա որտեղի՞ց Բաղրամյանին նման տեղեկություն, թե՞ մինչև դիմելը նրա հետ արդեն քննարկել են այդ հարցը, ուղղակի նա չի ուզում բարձրաձայնել դրա մասին: Մեր տեղեկություններով՝ գազի գինը ապրիլի 1-ից թանկանալու է առնվազն 11 դրամով, դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում: Այս մասին և՛ հասարակության լայն շերտերը, և՛ լրագրողները երեկ տեղեկացան հենց վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: Իհարկե, նախկինում էլ, երբ ասուլիսներ էին լինում, վարչապետը ֆեյսբուքյան գրառումներ անում էր, սակայն մինչ այդ լրագրողներն արդեն տեղեկացած լինում էին նման իրադարձության մասին նրա խոսնակից կամ լրատվական ծառայությունից: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 9-ից Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը այն դժգոհությունն էր, թե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանը՝ իր ողջ ռեսուրսներով: Եվ չնայած Կարապետյանի հեռանալուց անցել է արդեն մեկ շաբաթ ժամանակ, սակայն Փաշինյանը չի շտապում նոր նշանակում կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ օրերս էլ նա նոր նշանակում չի անի: «Այս պահին դեռ թեկնածուներ չունենք, քննարկումները շարունակվում են»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Թերևս Փաշինյանը չի ցանկանում շտապել և նշանակել այնպիսի խոսնակի, որը Կարապետյանի նման կփորձի վարչապետի թիկունքում խարդավանքներ հյուսել: Կարծես թե վստահելի կադրերի պակաս կա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանն ուզում է տարին սկսել նոր թաղապետ-փոխթաղապետերով։ «Ուզում է քաղաքական դեմքեր լինեն, տիրապետեն պրոցեսներին, քանի որ ավագանու «Իմ քայլում» նման մարդիկ չկան, ընդդիմության ուդառներին պատասխանող չկա»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը: Իսկ թաղապետ-փոխթաղապետերը նման իրավունք ունե՞ն։ «Թաղապետերը` ոչ, նրանք միայն հարցուպատասխանին մասնակցելու իրավունք ունեն, իսկ փոխթաղապետերը՝ արտահերթ ելույթի, դա է նրանց կարեւորելու պատճառը»: Որտեղի՞ց են գտնելու այդքան խոսող տեղակալ, չէ որ իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են։ «Մարությանն ուզում է նոր մարդկանց ներգրավել, անգամ` ոչ ՔՊ-ականների, որ այս դժվար փուլը հաղթահարեն։ Ի դեպ, նրա ընկերների աշխարհագրությունը շատ մեծ է. Կենտրոնի թաղապետը, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, փոխքաղաքապետ Վիրաբյան Տիգրանը․․․ իր ընկերներին տեղավորել է ոստիկանությունում, այնտեղից խոսողներին բերել քաղաքապետարան»:


«Իրատես» թերթը գրում է. «Սեփական թիմակիցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը գնալով խորանում է։ Ամենեւին պատահական չէ, որ նա «պատասխանատու» գործերը վստահում է միայն սեփական ընտանիքի անդամներին։ Մեր տեղեկություններով, Փաշինյանին ամենից շատ մտահոգում է այն, որ իր թիմի որոշ անդամներ սկսել են այլ քաղաքական ուժերի, ներկայացուցիչների հետ «խաղեր» տալ եւ հարմար պահի կարող են դաշտը փոխել ու մենակ թողնել իրեն։ Արթուր Վանեցյանին ուղղված սաստկացող քննադատության ալիքն էլ խորքում ուներ մեկ այլ նպատակ։ Փաշինյանի թիմի ներսում որոշ մարդիկ կարող են Վանեցյանից ավելի ըմբոստ լինել ու հայտարարել այնպիսի բաներ, որոնք ԱԱԾ նախկին պետը չի կարող դեռեւս ասել։ Դրան զուգահեռ, «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք վանեցյանական թեւին են հարում, այլ խոսքով, ներսից օգնում են նրան։ Ու այս ամենը, բնականաբար, Փաշինյանի աչքից չի կարող վրիպել, ինչը ստիպում է «թաթիկներ կտրող» վարչապետին ավելի նյարդային արձագանքել ու առավել անխնա լինել սեփական թիմից պոկված բեկորների նկատմամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Մնացականյանի եւ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ նախարարի հետ հանդիպմանը այնքան էլ շատ պատգամավորներ չեն մասնակցել, որի համար ներկայացրել են պատճառներ: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում տարբեր հանձնաժողովների նիստեր էին ընթանում, եւ պատգամավորները ժամանակային առումով չեն հասցրել գնալ ՔՊ գրասենյակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձեւաչափով: Սկզբում նախարարը ներածական ելույթով է հանդես եկել, այնուհետեւ սկսվել է հարցուպատասխան, որը շատ ակտիվ չի եղել: Պատգամավորները հիմնականում լսողի դերում են եղել. դիվանագիտական պատասխաններ են հնչել՝ երկար ու ոչ շատ բովանդակային: Պատգամավորներից հարցեր են հնչեցրել Լիլիթ Մակունցն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ վաղը՝ հունվարի 18-ին կայանալիք ՀՀ եւ Արցախի խորհրդարանականների հանդիպմանը: Այդ օրը լայն հանդիպում կլինի՝ Հայաստան-Արցախ ձեւաչափով, որի հիմնական թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը: Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը եւ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռելով: Մեր տեղեկություններով՝ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է. վերջնական, դետալային հստակեցումները կլինեն այսօր կամ վաղը»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» հունվարի 13-ի կորպորատիվին մասնակցել են ՔՊ վարչության անդամներ ու շատ քիչ պատգամավորներ։ Պատճառը ֆրակցիայում տիրող «մուտիլովկաներն» են: Կենաց ասել են հիմնականում 3 անձ՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը։   Պապիկյանի ելույթը Նիկոլի տարեվերջյան ամփոփումի նոտայով է եղել` ասֆալտապատման ձեռքբերումների թվարկմամբ, իսկ Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ ներկաները քար են կտրել։ Նա իրեն հատուկ ժողովրդական բառուբանով ասել է` պետք է խելքի գանք, փորձենք իրար ավելի լավ ճանաչել, մեր չուզողներին չուրախացնենք, տարածաշրջանն այսօր շատ ծանր վիճակում է, մենք երկրի ներսում իրար ենք ուտում, իրար տակ ենք փորում, ու բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում դուք` պարոն վարչապետ։ Իմքայլականները սարսափած նայել են վարչապետի կողմը, վերջինս ժպիտով, բութ մատով «ադաբրյամս» է արել Սասունին․ բոլորի շունչն ընկել է տեղը: Այնուհետեւ Սասունը պատմել է, որ 90-ականների պատերազմի ժամանակ մի երկու հրթիռ է ընկած եղել Իրանի կողմը, կարողացել են հարցը «նորմալ» «փակել», եւ հորդորել է վարչապետին՝ երբ վարչությունից ինչ-որ մեկը գալիս ա «մուտիլովկա» անելու, «վարչապետ ջան, միանգամից մի հավատա, կանչի մյուս կողմին, նստացրա դեմդ, իմացի սաղ` ինչ ա եղել, թե չէ ըսենց` թիմը ձեռից գնում ա»: Ի դեպ, մեզ պատմեցին, որ դեռ դեկտեմբերի 26-ի խնջույքի ժամանակ է Միքայելյանը երկար զրույց ունեցել Փաշինյանի հետ ու նախազգուշացրել, որ ամեն ինչ այնքան լավ չէ, որքան ինքն է ներկայացնում, որ ժամանակն է կանխել թիմում միմյանց ոտի տակ փորելը։ Իսկ «Դվին»-ում արդեն Փաշինյանը Միքայելյանին հրավիրել է իրենց սեղանի մոտ եւ առաջարկել նստել հենց իր կողքը՝ այն աթոռին, որը նախատեսված է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, բայց Միքայելյանը կոռեկտ չի համարել եւ նստել է Միրզոյանի կողքը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանի միջնորդությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու մասով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց նրա պաշտպան Լեւոն Սահակյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Հիշեցնենք նաեւ, որ կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունների օրոք ևս քանիցս բարձրաձայնվել է ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտության մասին: Թեման դարձյալ արդիական է դարձել հատկապես վերջին ամիսներին: Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին ընդհանուր առմամբ դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում: Ըստ մասնագետների, մասնավորաբար պետք է հաշվի առնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին: Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։ Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաև իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ աննախադեպ բան է եղել. այս տարվա հունվարի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ օգնականի եղբոր՝ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լեւոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ: Թե ինչպես պետք է վճարեին, պարզ չէ: Դատավորը, սակայն, մերժել է Զավենին ազատ արձակել անգամ ՀՀ պետբյուջեի եկամուտների չափով առաջարկված 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գումարը որպես գրավ ընդունելու պայմանով: Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանն այն դատավորն է, որի մասին, ըստ ամենայնի, խոսում էին հայտնի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ դատավոր Հրաչ հիշատակելով: Հիշեցնենք նաեւ, որ այդքան մեծ թվով գրավ վճարելու պատրաստակամություն հայտնած կողմի գործը այն աղմկահարույց եւ ցավալի միջադեպն էր, երբ նախորդ տարվա սեպտեմբերին վիճաբանություն էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի միջեւ, որի հետեւանքով փոխգնդապետը գլխի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել, եւ արդեն 4 ամիս է՝ կոմայից դուրս չի գալիս: Նա հյուծվել է, նիհարել եւ միայն շնչում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը` ամսի 18-ին, ԱԺ-ում տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը, ինչը կարեւոր է Արցախում մարտին սպասվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Հիշենք, որ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը եւս նախագահի թեկնածու է, եւ հիմա թեկնածուների միջեւ մեծ մրցակցություն է, թե ով կկարողանա ստանալ Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Աշոտ Ղուլյանին աջակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայաստանյան սորոսական «ստաֆը», իսկ Արայիկ Հարությունյանն ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սատարումը, ինչի մասին արդեն իսկ խոսվում է»:


«Փաստ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ տարբեր բնույթի ճնշումները զուտ նրա անձով չեն սահմանափակվում: Ճնշումների, սադրանքների շարքը հասել է նաեւ նրա թոռներին: «Փաստի»՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանի թոռներից մեկը՝ Վազգեն Գրիգորյանը, ծառայում է զինված ուժերում, եւ իշխանությունները տարբեր միջոցներով անընդհատ բարդ իրավիճակներ են ստեղծում՝ փորձելով տղային ներքաշել տարբեր հորինված պատմությունների մեջ. անընդհատ ցուցադրաբար ստուգում են նրան, զրույցներ ունենում՝ ակնարկներով հիշեցնելով նրա պապին վերագրվող հանցագործությունները: Նպատակը տղային հունից հանելն է՝ դրա բոլոր հետեւանքներով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, բարեկամները անընդհատ այցելում են զինվորին, հանգստացնում, որպեսզի տղան սադրանքների չտրվի»:


«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շտապում է չճշտված տեղեկություններ հաղորդել, հետո սրբագրում ու խմբագրում է՝ հիշելով նախկին աշխատանքը, գերատեսչություններն իրենց պատասխանատուներով ուզում են արդեն «կախվել»։ Հանրությանը վայրկյան իսկ առաջ իբր լավ լուր հաղորդելու մեծ մղումն անընդհատ անհեթեթ վիճակի մեջ է դնում ոլորտների պատասխանատուներին։ Մեր տեղեկություններով, նախարարները սկսել են զգուշանալ այս կամ այն թվային տվյալ, առաջընթացի մասին որեւէ ցուցանիշ կառավարության ղեկավարին նախապես ներկայացնելուց, մտավախություն ունենալով, որ բանավոր ասված մոտավոր թվերը Փաշինյանը կարող է վերցնել ու անմիջապես հրապարակել սոցիալական ցանցում։ Իսկ երբ հաշվետվությունները, վիճակագրական տվյալները վերջնականապես ամփոփվում են, երբեմն ասվածից շեղումներ են լինում, ու նախարարները հայտնվում են երկու քարի արանքում։ Մի կողմից պիտի հանրությանը պարզաբանեն, թե ինչու վարչապետի ու նախարարի թվերը չեն «բռնում», մյուս կողմից էլ Փաշինյանին ստիպված պիտի երկար-բարակ բացատրեն, որ մոտավոր եւ կոնկրետ վիճակագրությունը տարբեր բաներ են, չկարողանալով նրա երեսին բացահայտ ասել՝ ու՞ր ես շտապում, ա՛յ մարդ։ Ի դեպ, կառավարության աղբյուրի տեղեկացմամբ, նախարարները շատ այլ հարցերում էլ հաճախ ստիպված են լինում տեղի տալ վարչապետի հրահանգներին, շատ լավ հասկանալով, որ նման վարքագիծը ոչ մի զարգացում չի ապահովելու համակարգին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, թե «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում ցնցումներ են եղել: Ահազնագի հետքերով ԱԻՆ-ից դեպքի վայր էին ժամանել: Իսկ մինչ փրկարարների ժամանումը, առեւտրի կենտրոնից տարհանել էին աշխատակիցներին եւ հաճախորդներին: «Իրավունքի» աղբյուրների պնդմամբ՝ տեղի ունեցածը պարզապես լավ սարքած շոու էր, որի նպատակը մեկն էր՝ վերեւներից փորձում են «Դալմա Գարդեն մոլ»-ի սեփականատեր «Տաշիր Գրուպ» ընկերությանն ինչ-որ բան հասկացնել, իսկ աշխատողներին հորդորում՝ նոր աշխատանք փնտրել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Փոփոխության ընդունման դեպքում տեղական մսի վրա կկիրառվի ավելացված արժեքի հարկի 7-տոկոսանոց դրույքաչափ: Սա ներկայացվում է որպես դրույքաչափի իջեցում, որովհետև սուպերմարկետներում վաճառվող մսի նկատմամբ կիրառվում է 20 տոկոսանոց դրույքաչափ: Սակայն իրականությունն այն է, որ ամբողջ Հայաստանում միսը չի հարկվել ԱԱՀ-ով, և այս փոփոխությունից հետո մսի մանրածախ գինը կարող է ավելանալ 500-700 դրամով: Սրա մեջ մտնում են ինչպես ԱԱՀ-ն, այնպես էլ սպանդանոցային ծախսերը: Այսպիսով, միսը կդառնա անհասանելի շքեղություն բնակչության ավելի մեծ զանգվածների համար»: