Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վարչապետի պաշտոնում նշանակվել է այսօր՝ Պետդումայի հավանությունը ստանալուց հետո։
Երեկ Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական էր ներկայացրել, ինչից հետո նախագահ Պուտինը առաջադրել էր Միշուստինի թեկնածությունը։