23.11.2024
Ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում. քաղաքապետարան
prev Նախորդ նորություն

Սահմանադրական փոփոխություններով պետք է վերականգնվի կառավարման կիսանախագահական մոդելը. ՀԱԿ

«Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը:


ՀԱԿ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։


2019թ․ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թ․թ․ ռազմավարությանը համապատասխան։ Այդ կապակցությամբ Կոնգրեսը հարկ է համարում նշել հետեւյալը․


Գործող Սահմանադրությունը մշակվել է նախկին ռեժիմի եւ նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով, «ընդունվել է» 500 հազար քվեների կեղծումով, իսկ քվեարկության իրական արդյունքներով մերժվել է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ուստի այն լեգիտիմ չէ, եւ կատարվածը մեծագույն հարված էր Հայոց պետականության հիմքերին, որի հետեւանքները մինչ այսօր վերացված չեն։ Այն նաեւ պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով։ Այս ամենին Կոնգրեսը հանգամանալիորեն անդրադարձել է 2015 թվականին՝ կազմակերպելով ՈՉ-ի արշավը։

Կարեւոր է արձանագրել, որ կառավարման խորհրդարանական մոդելն իրականում Հայաստանի ժողովրդի կողմից չի ընդունվել։ Խորհրդարանական համակարգը աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրների խրոնիկական քաղաքական ճգնաժամի է բերել (Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Բելգիա եւ այլն, մինչ 1959 թվականին կիսանախագահական համակարգն ընդունելը, նույն վիճակն էր Ֆրանսիայում)։ Երկարաժամկետ հեռանկարում նաեւ Հայաստանում այն կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի եւ քաղաքական կոռուպցիայի ծաղկման։

Հետեւաբար, սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհդարանական) կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը եւ քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։ Մյուս կողմից, դրանով վերջ կդրվի կառավարման սահմանադրական մոդելի կամայական փոփոխությունների պրակտիկային եւ կվերահաստատվի կառավարման սահմանադրական մոդելի կայունության կարեւորագույն գաղափարախոսությունը։

Դատելով կառավարության վերոնշյալ ռազմավարութունից, սակայն, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը լուծելու է ոչ թե ռազմավարական, այլ՝ մարտավարական հարցեր, կապված, մասնավորապես, ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման, ոստիկանության ու ԱԱԾ-ի քաղաքացիական կառավարմանն անցնելու, ինչպես նաեւ նմանատիպ այլ խնդիրների հետ։

Ինչքան էլ կարեւոր լինի վերոհիշյալ խնդիրների լուծումը, եթե սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը սահմանափակվի միայն գործող սահմանադրական կառավարման մոդելի ակնհայտ թերությունների շտկմամբ, այն կանտեսի 2015 թվականի կեղծված հանրաքվեով առաջացած բազմաթիվ խնդիրները, մասնավորապես, ոչնչով չհիմնավորված եւ երկրի սահմանադրական ավանդույթները խախտող անցումը դեպի խորհրդարանական համակարգ։ Ավելին, նման մոտեցումը վտանգ է ստեղծում, որ արդյունքում հետին թվով կլեգիտիմացվի 2015 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովրդի կամքի ապօրինի մերժումը։

Սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեին քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների լայնածավալ հանրային խորհրդակցություններն ու քննարկումները, որոնց արդյունքում էլ պետք է ձեւավորվեին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, ամենակարեւորը՝ հանրության կողմից կառավարման մոդելի գիտակցված եւ օրինական ընդունման վերաբերյալ մոտեցումները։