26.08.2026
«ՎԵՐՆԱՏՈՒՆ»-ը համախմբելու է հակափաշինյանական կոալիցիան
15.11.2019
«ՎԵՐՆԱՏՈՒՆ»-ը համախմբելու է հակափաշինյանական կոալիցիան

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբը, որի նախագահն է Վազգեն Մանուկյանը, այսօր քննարկում է կազմակերպել, որին մասնակցում են արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի ներկայացուցիչներ, որոնց թվում տարբեր շարժումների ներկայացուցիչներ, ովքեր հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության կոշտ քննադատությամբ: Վազգեն Մանուկյանը, ով օրերս հրաժարվեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից, սկսել է ավելի կոշտ քննադատել Փաշինյանի թիմին և փորձում է իր «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ակումբի շուրջ կոնսոլիդացնել այսպես ասած հակափաշինյանական բևեռը: Ապագայում այդ ակումբին անդամակցող ուժերը կփորձեն մասնակցել ներքաղաքական պայքարին՝ լինեն դա ԱԺ հաջորդ ընտրություններ, էլեկտորալ գործընթացներով, թե նոր հեղափոխական իրավիճակում կփորձեն վերցնել իշխանությունը: Այս ակումբն ի հակադրություն ՀՀ իշխանությունների ուլտրալիբերալ, Սորոսի կողմից առաջ մղվող տարբեր կեղծ օրակարգերի, հանդես է գալիս ազգային, հայրենասիրական օրակարգով, այդ թվում ղարաբաղյան հարցում: Դա նշանակում է, որ այս ակումբը փորձելու է իր շուրջ համախմվելու պահպանողական, ազգային գաղափարախոսությամբ առաջ շարժվող ուժերին ու էլեկտորատի այն հատվածին, ովքեր դեմ են ապազգային օրակարգերին և սորոսականների առաջ մղվող և հայ ազգին խորթ գաղափարներին ու արժեքներին: ՀՀ գործող իշխանությունները փորձելու են այս ակումբը կապել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, անվանել նրանց հակահեղափոխականներ և այլն, սակայն անհրաժեշտ է, որ տեղի ունենա Փաշինյանի թիմի և այս ակումբի մաս կազմող ուժերի առողջ բանավեճ՝գաղափարների, ծրագրերի, ռազմավարությունների պայքար, այլ ոչ թե ֆեյքերի, սոցցանցերի միջոցով միմյանց «փչացնելու» քաղաքականությունը: ՀՀ ներքաղաքական դաշտում պետք է տեղի ունենան գաղափարների պայքար՝առաջ քաշվեն ազգային օրակարգեր, որոնք հուզում են հասարակության լայն շերտերին և կողմերը հեռու մնան միմյանց պիտակավորելու քաղաքականությունից: Այս պարագայում տվյալ ակումբը մինչև նոր ընտրություններ կատարելու է գաղափարներ գեներացնող կենտրոն կամ think tank և ՀՀ այսօրվա իշխանությունների համար կառուցողական ընդդիմության ֆունկցիա կկատարի: