Արտերկիր որդեգրված որևէ երեխա քրգործի քննության ընթացքում չի վերադարձվել Հայաստան. ՔԿ
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն:
Այս առնչությամբ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություննրի քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի նկատմամբ՝ հայտնում ենք, որ քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որեւէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն:
Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռեւս չի նշանակվել որեւէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:
Ի պատասխան երեխաների որդեգրման գործընթացում մասնակցություն ունեցած միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունների՝ հայտնում ենք, որ նախաքննական մարմնի կողմից երբեւէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների կողմից թույլ տրված ապօրինությունների, ինչպես նաեւ՝ օրգանների անօրինական վաճառք իրականացնելու նպատակով երեխաների որդեգրումներ կազմակերպելու վերաբերյալ:
Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց եւ կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերեւույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաեւ նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:
Հայտնում ենք նաեւ, որ ինչպես դիմումատուների, այնպես էլ որդեգրված երեխաների եւ նրանց ծնողների տվյալները հրապարակման ենթակա չեն, եւ հանդիսանում են նախաքննական գաղտնիք:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ տարիներ առաջ ծնողներից առևանգած և արտերկիր որդեգրած երեխաներին սկսել են վերադարձնել Հայաստան: