11.01.2025
Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին
24.11.2016
Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի հերթական նիստում հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին: Կարապետյանը նշեց, որ անդամակցության դիմում է ներկայացրել կուսակցությանը: Եվ նշեց այն պատճառները, թե ինչու է նման որոշում կայացրել: «Կարծում եմ` այս որոշումը շատերի համար կանխատեսելի ու տրամաբանական էր, բայց ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու: Նախ, վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը: Եվ եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում` ինչո՞ւ չենք հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեզ համար քաղաքական հենարան: Դա արդարացված չէր լինի` ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր անկայուն գործընթացներից ու զարգացումներից»,- ասաց վարչապետը: Չորրորդ պատճառն այն է, որ ըստ Կարեն Կարապետյանի`հենց ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարանը, քանի որ իրեն հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և իր համար այդտեղ ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: «Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. անհըրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական քաղաքական կյանքում, առավել ևս ՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է , քան պատկերացնում են դրսից»,- ասաց Կարապետյանը: Վարչապետի պաշտոնը ստանձնելով, շարունակեց կառավարության ղեկավարը, նա դարձավ փոփոխությունների գործընթացի մասնակից` վերցնելով պատասխանատվության իր բաժինը: Եվ հաշվի առնելով այդ ամենը` որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին: «Այս նոր իրավիճակում իմ ընկերների, համախոհներից շատերը ևս ցանկանում են միանալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադիր չէ, որ անկուսակցական գործընկերներս, նախարարները ևս դառնան ՀՀԿ-ական, որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն ևս օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխել իր մեջ այդ ներուժը»,- թվարկեց վարչապետը: Հիշեցնենք, երկու օրից` նոյեմբերի 26-ին, տեղի կունենա Հանրապետական կուսակցության համագումարը: Ըստ մամուլի` Կարեն Կարապետյանը հավակնում է ՀՀԿ փոխնախագահի պաշտոնին: