Հայաստանի համար խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, սակայն միայն առաջին քայլն է. Աճեմօղլու
Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծում է, որ Հայաստանի համար հիմնական պահանջներն են արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները և այդ ամենն անել ներքին համերաշխության պայմաններում:
«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում, Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի համար խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, սակայն միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: «Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը: Գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից»,-ասել է նա:
Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորն այրել են նախկին հակասությունները և հիմնվել նոր սկզբի վրա: «Հայաստանի համար խոստումնալից է, որ միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Հայաստանի արդեն իսկ գրանցված ձեռքբերումների բարձր գնահատականի ժամանակը»,-նշել է տնտեսագետը՝ զգուշացնելով, որ մարտահրավերներն անխուսափելի են:
Աճեմօղլուն նշում է, որ ստեղծված ոգևորիչ մթնոլորտում ցանկություն կա փորձել բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում: «Հայաստանի իշխանությունները պետք է համալրվեն նոր երիտասարդ կադրերով, միևնույն ժամանակ պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»,-ընդգծել է նա: