21.10.2026
Իշխանությունը կոշտացնում է պայքարի մեթոդները ՏԻՄ ընտրություններից առաջ
prev Նախորդ նորություն

Ստեփանավանում պարտությունը կարող է թուլացնել Պապիկյանի դիրքերն իշխանության ներսում

Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունը գործող իշխանության համար առանձնահատուկ է, եւ ըստ իս այստեղ լոկ իշխանության պայքար չէ Ուժեղ Հայաստանի դեմ։ Մենք տեսնում ենք, որ այդ պայքարում իշխանությունը գործի է դնում հենց այն լծակները, որոնց շնորհիվ կարողացավ ինչ որ հարց լուծել նաեւ խորհրդարանի ընտրությանը՝ ճնշման լծակներ։


Սակայն, Ստեփանավանում կա նաեւ ներիշխանական ինտրիգը կամ անգամ պայքարը։ Ստեփանավանը պաշտպանության նախարար Պապիկյանի «ոստանն» է։ Ստեփանավանում պարտությունը լինելու է ոչ միայն ՔՊ, այլ առաջին հերթին հենց Պապիկյանի պարտությունը։ Եթե իշխանությունը չկարողանա հաղթել այդ քաղաքում, ապա կնշնակի, որ Պապիկյանը էապես կորցնելու է դիրքերը իշխանության ներսում, իշխանական համակարգում։


Նա կարող է «մարսել» բանակում տեղի ունեցող մահվան դեպքերը, բայց նրան թույլ չեն տա մարսել ՏԻՄ ընտրությանը իշխանության պարտությունը իր «ոստանում»։ Եվ այստեղ արդեն անկասկած է, որ այդ պարտության հարցում էլ կարող են շահագրգռված լինել իշխանության ներսում այն թեւերը կամ շրջանակները, որոնք չեն ախորժում Պապիկյանին։ Իսկ իշխանությունը այդպես է օրգանական առումով, այսինքն իշխանությունը տարբեր թեւերի ու խմբերի պայքար է՝ ներիշխանական դիրքերի համար։


Այստեղ էական է, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը։ Նա ավելի մոտիվացված է Պապիկյանին «ցած գլորելո՞ւ» հարցում, թե՞ հակառակը։ Ընդ որում, պաշտպանության նախարարի քաղաքական գահավիժումը ամենեւին նույնական չէ ընտրության պաշտոնական արդյունքի հետ։ Ի վերջո, կառավարող ուժը կարող է Ուժեղ Հայաստանի նկատմամբ իշխանական լծակների գործադրման շնորհիվ ապահովել պաշտոնական հաղթանակ, բայց ներքին, ներիշխանական հետնաբեմում իհարկե իրերի դրությունը պարզ ու հայտնի կլինի բոլորի համար։ Հետեւաբար, եթե Փաշինյանի քաղաքական հովանու ներքո՝ իշխանական լծակների գործադրմամբ արգելափակվի ընդդիմադիր ուժի հաղթանակի հնարավորությունը եւ ապահովվի ՔՊ հաղթանակը, դա միեւնույն է կլինի Սուրեն Պապիկյանի պարտությունը։


Դա նրա համար կունենա քաղաքական հետեւանք, իհարկե այլ փաթեթավորումով։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

 Լուսանկարը` Yerevan today
19.10.2026
Փակ սահմանի առևտուրը. Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23,4 մլն դոլարի ապրանք