26.11.2024
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը պաշտոն ստացավ ԱԱԾ-ում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դավիթն ինձ անվերապահ հավատարիմ անձանցից մեկն է. Սերժ Սարգսյանը` Տոնոյանի մասին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ առաջին անգամ հիմա արդեն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իր կարծիքով՝ պաշտպանության նախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է, հանրապետականների շրջանում մեծ աղմուկ է բարձրացել: Իսկ երբ արդեն հաստատվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոնոյանի թեկնածությունն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ պաշտպանության նախարար նշանակելու համար, մեր տեղեկություններով, որոշ ՀՀԿ-ականներ ընդհանրապես չեն կարողացել զսպել իրենց զայրույթը: Ավելին, նրանք ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում ոչ միայն վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Տոնոյանի հասցեին, այլև առաջարկել են լրատվամիջոցներով վարկաբեկման արշավ կազմակերպել: Կատաղության այս մոլուցքը հանդարտեցրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ի մեր աղբյուրը նշում է, որ վերջինս սաստել է բոլորին, թե Տոնոյանի հետ խնդիր ունեցողները խնդիր կունենան իր հետ: «Հիշեք՝ Դավիթն ինձ անվերապահ հավատարիմ մի քանի անձանցից մեկն է»,-ասել է Սերժ Սարգսյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչն այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ թավշյա հեղափոխությունից հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը՝ ինչու ինքն էլ հրաժարական չներկայացրե՞ց, Հարությունյանն ասել է. «Ես զինվորական եմ, իմ մնալ -չմնալը ես չեմ որոշում»: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է ընդունել, շատ նորմալ համագործակցում են: Ինչ վերաբերում է Սարգսյանի ու Փաշինյանի գործելաոճերի տարբերություններին, Հարությունյանը խոստովանել է, որ Փաշինյանի օրոք իրենց համար որոշակի դժվարություններ կան: «Ամեն անգամ երբ ինքը մտնում է ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում»,- խոստովանել է Հարությունյանը»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդպիսի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ինչպես Փաշինյանի թիմի որոշ անդամներ, այնպես էլ Հայաստանի մի քանի դեսպաններ: Նրանք համարում են, որ Փաշինյանը ոչ միայն ներհասարակական խաղաղություն և կայունություն բերեց Հայաստանին, այլ կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և համերաշխության նախաձեռնող»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին  ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել: «Մոտ 600 հոգի դիմում են գրել եւ դուրս եկել կուսակցությունից: Իհարկե, դա ամբողջական պատկերը չի, առաջիկայում կճշտենք, կներկայացնենք:Կարող է թիվը մոտ 30, 40-ով շեղում տա »,-ասաց Թադեւոսյանը: Փաստորեն, 600 հոգի ՀՀԿ-ից դուրս է եկել գրավոր դիմում ներկայացնելով՝ պաշտոնապես: Բայց շատ-շատերը ՀՀԿ-ից հեռացել են առանց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումներ ներկայացնելու: Ասել է թե` իրականում ՀՀԿ-ից հեռացածների թիվն ավելի շատ է: Ի դեպ, արտահոսք է սկսվել նաեւ ՕԵԿ-ից, ընդ որում, այստեղից էլ հեռանում են երիտասարդ կադրերը. երեկ ՕԵԿ-ից հեռանալու մասին հայտարարել են Արթուր Միսակյանը, որ նախկին խոսնակն էր, նաեւ՝ Էդգար Առաքելյանը, որ մինչեւ երեկ այդ կուսակցության խոսնակն էր: Ասել է թե երիտասարդներն այլեւս իրենց ապագան չեն տեսնում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողքին, ով քաղաքական դաշտում ճամբարափոխի համբավ ունի»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են՝ այսօր ԱԺ է գալու նոր կառավարության ծրագիրը, որը ոչ թե հեղափոխական, այլ անցումային ծրագիր է: ՀՀԿ-ում վստահ են, որ դա լինելու է ՀՀԿ-ի ծրագրի քոփի-փեստը՝ արտագրությունը: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներին հանձնարարվել է խոշորացույցով ուսումնասիրել այն, համեմատություններ անել ու քննարկելիս քարը քարին չթողնել: Քննարկումը տեղի կունենա հունիսի 7-ին: Ի դեպ, ծրագիրը կազմվել է ավանդական եղանակով՝ յուրաքանչյուր նախարարություն ներկայացրել է իր ոլորտի բաժինը, իսկ համադրելու-խմբագրելու գործն արել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ըստ լուրերի, անգամ 100-ամյակին չմասնակցեց՝ ծրագրի վրա աշխատելու պատճառով»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը երեկ հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Վերին գետաշենցիները գյուղապետի հրաժարականը պահանջում էին դեռևս հեղափոխության օրերից, գյուղացիները ակցիաներ էին անցկացրել գյուղապետարանի մոտ, սակայն Ղուկասյանը դիմադրում էր։ Նա անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ տևական ժամանակ է մեկնել էր Հայաստանից։ Սակայն նրա վերադառնալուց հետո գյուղացիները նորից վերսկսել են բողոքի ակցիաները։ Վերջին օրերին գյուղացիներն անգամ կողպել էին գյուղապետարանի մուտքը և արգելել նրան մուտք գործել գյուղապետարան: Գյուղացիների խոսքով՝ գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել, յուրացրել է իրենց հողերի վաճառքից գոյացած գումարները: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀԷԿ է կառուցել գյուղում, ինչի նպատակով գնել է գյուղի հողատարածքները, սակայն գյուղացիների մի մասը գումարը չի ստացել: Գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիների բողոքի ակցիան Վերին Գետաշենում շարունակվել է, բայց արդեն նախկին նախագահի եղբոր ՀԷԿ-ի շահագործման դեմ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը: Հիշեցնենք, հունվար-մարտ ամիսներին ՀՀ նախագահը դեռ Սերժ Սարգսյանն էր, իսկ վարչապետն էլ՝ Կարեն Կարապետյանը, իսկ ներքաղաքական կյանքն էլ համեմատաբար խաղաղ էր: Եւ ահա, ըստ Վիճակագրական կոմիտեի, ուղղակի ներդրումներն ավելացել են. եթե 2017թ. այն 19.7 մլրդ դրամ էր, ապա այս տարի այն դարձել է 40.3 մլրդ դրամ: Բայց այդ աճը դեռ չի նշանակում, թե իսկապես ավելացել են Հայաստան օտարերկրյա ներդրողների թիվը: Ներդրումների առյուծի բաժինը՝ 20.6 մլրդ դրամը եկել է օֆշորային Ջերսի կղզուց եւ ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Խոսքը տվյալ դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերության մասին է, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Նախորդ տարի Ջերսի կղզուց ներդրումները կազմել էին 5.7 մլրդ դրամ: Նշենք, որ մոտ 1 մլրդ դրամի չափով ավելացել է ՌԴ-ից արված ուղղակի ներդրումները, 4.4 մլրդ դրամի չափով՝ Գերմանիայից եկած ներդրումները, եւ վերջ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են: Այդ փաստը լավ երեւաց երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: ՀՀԿ ԳՄ անդամներից Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցությունը պատրաստ է թե ԸՕ-ի, թե ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների: Նա պնդել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ արգելք չի տեսնում: Այնուհետեւ, խոսելով ԸՕ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ մեխանիզմների ներդրմանը, նա նշել է. «Որպես կարեւորագույն մեխանիզմներ՝ պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա․ Համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որեւէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելակփակվի նրա ընտրական իրավունքը»: Սա իսկապես զարմանալի է: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2016 թվականին, երբ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում փոփոխվեց ընտրական օրենսգիրքը, այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն դիմադրում էր եւ մատնահետքերի միասնական բազայի, եւ ընտրացուցակները մաքրելու դրույթներին, որ պնդում էին ընդդիմադիրները: ՈՒ այն ժամանակ նույն Դավիթ Հարությունյանը փորձում էր հակառակը համոզել, իսկ երբ ստիպված էր այնուամենայնիվ համաձայնվել ընդդիմության պնդած որեւէ դրույթի, այնպիսի մեխանիզմներ էր առաջարկում, որ պարզապես անհնարին էին դարձնում օրենքի կիրառումը: Միաժամանակ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջերս դեմ էր արտահայտվում արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց հիմա Դավիթ Հարությունյանի միջոցով փորձում է ուղերձ հղել՝ պատրաստակամության հայտնելով այս փուլում քննարկել այդ հարցը: Իսկապես, քաղաքական դաշտը գնալով հետաքրքիր է դառնում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, Դավթյանը նախորդ տարի 43 միլիոն դրամ է վճարել առանձնատուն ձեռք բերելու համար: Միաժամանակ 102 հազար դրամով վաճառել է հողամասը: Դրամական միջոցները նախորդ տարի անփոփոխ են մնացել: Ինչպես տարեսկզբին ունեցել է 8 միլիոն դրամ, այնպես էլ՝ տարեվերջին: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 15 միլիոն 809 հազար դրամ, որից 13 միլիոն 773 հազար ու 285 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 1 միլիոն 750 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ»: