29.03.2024
Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-վրացական բիզնես կապերի շարունակական զարգացումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանում հաստատված է Հայաստանի համար բարեկամ իշխանություն. Փաշինյանը Ջավախքում է

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն:


Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:


«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար: Ես մեծ հրճվանքով էի հետևում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, և այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին:

Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, և դուք գիտեք բոլորդ, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ այդ ուղերձը տեղ է հասել, և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է:

Վրաստանի վարչապետի, նախագահի հետ հանդիպումների ընթացքում մենք շատ արագ այդ պաշտոնական, արարողակարգային թղթերը դնում էինք մի կողմ և անցնում էինք ուղիղ խոսակցության՝ բաց, անկեղծ եղբայրական խոսակցության, որովհետև կարծում եմ, որ փաստաթղթերից, պայմանագրերից առավել կարևոր է, որ կա հնարավորություն նայելու ուղիղ իրար աչքերի մեջ և տեսնելու, թե ինչ է արտահայտում հայացքը: Ես եկել էի, այո՛, սիրո և համերաշխության ուղերձով, ես եկել էի Վրաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների աչքերի մեջ ուղիղ նայելու, որպեսզի նրանք տեսնեն, համոզվեն և կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ: Իսկ այդ հայացքի մեջ գրված է մի բան, որ մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր հարաբերություններում նոր էջ բացելու և մեր ժողովուրդներին բարեկամության և եղբայրության նոր լիցք և նոր էներգիա հաղորդելու:

Ես լիովին համաձայն եմ պարոն փոխվարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է:

Երբ այս տեսակետից ենք նայում իրավիճակին և խնդրին, մեր անելիքը շատ պարզ է դառնում, մեր անելիքը հստակ է՝ ամուր, պինդ կանգնել կողք կողքի, ուս ուսի և՛ հզորացնել մեր պետությունները, և՛ հզորացնել մեր ժողովուրդներին, և՛ հզորացնել մեր հավատը, ՛և հզորացնել մեր վստահությունը դեպի ընդհանուր ապագա:


Ես այս այցի արդյունքներով համոզվել եմ, որ այսօր Վրաստանում հաստատված է Հայաստանի Հանրապետության համար բարեկամ իշխանություն, հայ ժողովրդի համար բարեկամ իշխանություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ Վրաստանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի հզորացմանը, բարգավաճմանն ու երջանկությանն աջակցելու համար, ինչպես և մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք վրաց պետության հզորացման և վրաց ժողովրդի երջանկության համար:


Նաև մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել՝ գիտեք, որ մեզ համար հիմա կարևորագույն առաջնահերթություն է, որ Հայաստանից արտագաղթը դադարի, և ընդհակառակը՝ սկսվի ներգաղթ, այսինքն՝ բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականություն ենք վարում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:


Իր ողջույնի խոսքում Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում և նշել , որ Վրաստանի կառավարությունը առաջիկայում հայտարարելու է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի մրցույթը: Փոխվարչապետ Ջանելիձեն ընդգծել է, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախատեսվում են ենթակառուցվածքային նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանի զարգացմանը:


«Չնայած մեր ձեռքբերումներին՝ երեկվա քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար և ամեն ինչ կանենք, որպեսզի առավել զարգացնենք մեր երկու հարևան բարեկամ պետությունների հարաբերությունները:


Մենք կառուցում ենք ապագայի Վրաստան, մեր հարևան Հայաստանը ևս պարոն Փաշինյանի ղեկավարությամբ կառուցում է ժամանակակից Հայաստան, և մենք միմյանց կողք կողքի կանգնած կկառուցենք լավագույն, զարգացած, ապագայի համար պատրաստ Վրաստան և Հայաստան: Մենք այս ամենը կանենք բարեկամաբար, եղբայրաբար, միասին, սիրով, կողք կողքի և ի բարօրություն երկու երկրների»,-ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Հաջիև. Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ ԼՂ հակամարտության հիմնախնդրի շուրջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար