Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ գործընթացներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի միջև 2023թ. մարտին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ նույն օրը Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հինգ համայնքների` Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի, Տեղի, Տաթևի և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հինգ քաղաքների՝ Բրոնի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի, Մորնանի, Պյուի ան Վըլեի միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հաշվի առնելով Գորիս-Վիենն, Կապան-Սենտ Էթիեն քաղաքների ընթացիկ համագործակցությունը՝ քույրացման այս համաձայնագրերով Օվերն-Ռոն-Ալպ շրջանն այսուհետ համագործակցություն կիրականացնի Սյունիքի մարզի բոլոր յոթ համայնքների հետ: