12.10.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

«Իշոտնուկնե՞ր նախագահներին»․ իշխանության կոշտ պատասխանը COP17-ի ծախսերի քննադատությանը

Կոլաժը` VERELQ
Կոլաժը` VERELQ

Հայաստանի խորհրդարանում թեժ բանավեճ է ծավալվել COP17 կլիմայական գագաթնաժողովի կազմակերպման ծախսերի շուրջ։ Ի պատասխան բազմամիլիոնանոց վատնումների մասին ընդդիմության մեղադրանքների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ արված ծախսերն ուղղված են երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, մինչդեռ ընդդիմախոսները, ըստ նրանց, փորձում են երկիրը ներկայացնել որպես հետամնաց ծայրագավառ։


Նախապես խորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատության էր ենթարկել կառավարությանը՝ միջոցառման համար գնված հուշանվերների և վարձակալված տարածքների, ըստ իրենց, չհիմնավորված բարձր գների համար։ Մասնավորապես, մատնանշվել էր շուրջ 85 միլիոն դրամի ենթադրյալ վատնման մասին՝ բրենդային թերմոսների, բեյջերի ու պայուսակների գնման գործընթացում (օրինակ՝ թերմոսները գնվել էին 7,800 դրամով՝ 4,500-ի փոխարեն), ինչպես նաև դատապարտվել էր ավելի քան 300 միլիոն դրամի հատկացումը «Մերիդիան» էքսպո կենտրոնի վարձակալությանը՝ պետական ենթակառուցվածքներ կառուցելու փոխարեն։


Անդրադառնալով այս պնդումներին՝ իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ ընդդիմության իրական թիրախը ոչ թե կոնկրետ ապրանքներն են, այլ Հայաստանի պետականությունը։ Նրա խոսքով՝ ընդդիմախոսները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ անկախ Հայաստանը կարող է հյուրընկալել 190 երկրի 15 հազար պատվիրակների, որոնց թվում են նաև համաշխարհային առաջնորդներ, ինչը երկրին կբերի վիթխարի քաղաքական ու տնտեսական օգուտներ։


«Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում»,- նշել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ ընդդիմության համար պետության հնարավորությունների առավելագույն սահմանը «Հայաստան-Կալուգա» բիզնես ֆորումն է։ Անդրադառնալով գներին՝ նա պարզաբանել է, որ 15 հազար միավոր ապրանքի միանգամյա ձեռքբերումը շուկայում այլ մարտահրավերներ ունի, և միշտ չէ, որ հնարավոր է ապահովել մանրածախի էժան գները։


Այս դիրքորոշումը պաշտպանել է նաև պատգամավոր Տարոն Չախոյանը՝ կոչ անելով ծախսերը գնահատել միջոցառման մասշտաբներին և մասնակիցների բարձր կարգավիճակին համահունչ։ Նա կոշտ է արձագանքել 16,000 դրամ արժողությամբ աթոռների և նախագահներին սպասարկող տրանսպորտային միջոցների վարձակալության շուրջ հնչած վրդովմունքին։ «Ի՞նչ անեինք, իշոտնուկի վրա բերեինք նախագահներին նստեցնեինք, թե՞ տեղափոխեինք պայթած ռաֆերով»,- հարցադրում է արել խորհրդարանականը։


Չախոյանը քաղաքական ընդդիմախոսներին մեղադրել է երկրի պատիվն ու արժանապատվությունը գետնով տալու փորձերի մեջ՝ եզրափակելով, որ Հայաստանը երբեք ծայրագավառ չի դառնալու։

Լուսանկարը` armenpress.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
12.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան հայկական երկաթուղու օրակարգով. ԱԳՆ