12.10.2026
Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Տոնոյան
prev Նախորդ նորություն

85 մլն դրամի վատնո՞ւմ. ընդդիմությունը COP17-ի գնումներն ուռճացված է որակել

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի կառավարությունը շուրջ 290 միլիոն դրամ է ծախսել COP17 գագաթնաժողովի բրենդային նվերների ձեռքբերման համար, սակայն ընդդիմությունը բարձրաձայնում է գների չհիմնավորված ուռճացման և պայմանագրերում տեխնիկական բնութագրերի բացակայության մասին։


Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն իր ելույթում ներկայացրել է պետական գնումների պայմանագրերի ուսումնասիրության արդյունքները՝ մատնանշելով պետական միջոցների հնարավոր վատնումը։


Որպես օրինակ՝ պատգամավորը նշել է 16,500 հատ ջրաման-թերմոսների գնումը, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 7,800 դրամ։ Ըստ նրա տվյալների՝ շուկայում որակյալ թերմոսների մանրածախ գինը տատանվում է 2,000-ից 3,500 դրամի սահմաններում։ «Բրենդային տպագրության ծախսը (1,000 դրամ) ներառյալ՝ առավելագույն արժեքը կկազմեր 4,500 դրամ»,- ընդգծել է Մանուկյանը։


Խնդրահարույց է նաև այլ ապրանքների արժեքը։ Ըստ պատգամավորի վերլուծության՝ բեյջերի 19,700 թելերը ձեռք են բերվել հատը 1,248 դրամով, մինչդեռ դրանց շուկայական գինը 55 դրամ է, իսկ բրենդավորված լավագույն տարբերակինը՝ առավելագույնը 600 դրամ։


Էկո պայուսակները պետության վրա արժեցել են 3,432 դրամ, թեև դրանց պատրաստի տարբերակները մանրածախ շուկայում վաճառվում են 3,000 դրամով։ Կրծքանշանների գինը կազմել է 2,340-2,964 դրամ, այն դեպքում, երբ շուկայում ամենաբարձր որակի արժեքը 1,800 դրամ է։


Ամփոփելով պետական ծախսերի վերաբերյալ իր զեկույցը՝ պատգամավորը խոսել է վատնված միջոցների ծավալի մասին։ «Ընդամենը մեկ օրում իրականացված շուկայական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տվյալ պայմանագրում հնարավոր էր խնայել 84,984,600 դրամ»,- եզրափակել է Լիանա Մանուկյանը։


«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էլ իր ելույթում խիստ քննադատության է ենթարկել կառավարությանը՝ պետական միջոցները մասնավորին ուղղելու և «անարդյունավետ կառավարման համար»։


Նա հիշատակել է կառավարության որոշումը, որով 1 միլիարդ դրամի արտոնյալ պետական վարկ (ընդամենը 1% տոկոսադրույքով) և հավելյալ միլիարդավոր դրամների հատկացումներ են արվել «Մերիդիան» էքսպո կենտրոնին, որտեղ պետք է անցկացվեն COP17-ի հետ կապված միջոցառումներ։


Պատգամավորը հարց է բարձրացրել, թե արդյոք պետությունը չէր կարող այդ գումարներով սեփական ենթակառուցվածքներ կառուցել, որոնք կմնային ժողովրդին, քան առնվազն 302 միլիոն դրամ վճարել զուտ վարձակալության դիմաց։ «Պետական բյուջեի փողերը թալանում եք։ Թալանչին հենց այսպես է լինում՝ պոզով-պոչով չի լինում»,- հայտարարել է Մանուկյանը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը կռիվ է տալիս հենց քաղաքացիների հարկերի վատնման դեմ։

Կոլաժը` VERELQ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
12.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան հայկական երկաթուղու օրակարգով. ԱԳՆ