12.10.2026
Կոլաժը` VERELQ
prev Նախորդ նորություն

Խցանումների դեմ խիստ քայլ․ Երևանում մանր վթարներից հետո կանգառը կտուգանվի

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

Երևանի քաղաքապետարանը խստացնում է պայքարը մայրաքաղաքը կաթվածահար անող խցանումների դեմ։ Այսուհետ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդները կտուգանվեն, եթե առանց լուրջ հետևանքների վթարից հետո ավելի քան 15 րոպե արգելափակեն երթևեկությունը։


Այս նորամուծության մասին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Որոշման համար հիմք են ծառայել կատարված ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են չնչին նյութական վնասով վթարներն ու երկրորդ շարքում կայանված մեքենաները շղթայական ռեակցիայով հսկայական խցանումներ գեներացնում մինչև 1000-րդ ավտոմեքենայի համար։


«Երրորդ խնդիրը ավտովթարներն են՝ 50-ից 80 հազար դրամանոց, իրար քսված երկու ավտոն կարող են կանգնեցնել երթևեկությունը և երկու կիլոմետրանոց խցանում ստեղծել»,- նշել է Ավինյանը։ Որպես օրինակ նա բերել է Միասնիկյան պողոտան, որտեղ գծերի փակման պատճառով միջին արագությունը կարող է կտրուկ նվազել մինչև 8 կմ/ժ։ Նման խախտումների դեմ պայքարելու համար գործարկվելու են տեսահսկող սարքերն ու կառավարության հետ քննարկվելու է քարշակների ակտիվ կիրառման հարցը:


Քաղաքապետի խոսքով՝ օրենսդրական նոր փոփոխություններով հստակ տուգանք է սահմանվել 15 րոպեից ավելի կայանելու համար՝ պայմանով, որ վթարն առողջական հետևանքներ չի առաջացրել։ Նա առանձնահատուկ ուղերձով դիմել է նաև ապահովագրական ընկերություններին՝ կոչ անելով դուրս գալ «կոմֆորտ զոնայից» և վնասների արձանագրման նորարարական մեթոդներ կիրառել, այլ ոչ թե թղթաբանության համար ժամերով փակել փողոցները։


«Այս պետությունը ասել է՝ մեր ճանապարհային երթևեկության անխափան շարժունակությունը ավելի կարևոր է, քան ձեր այդ 50 կամ 60 հազար դրամի ռիսկը»,- ընդգծել է քաղաքապետը՝ կանխատեսելով, որ նոր կանոնակարգերի համատեքստում ապահովագրական ընկերությունները դատարաններում պարտություն են կրելու։

Կոլաժը` VERELQ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
12.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան հայկական երկաթուղու օրակարգով. ԱԳՆ