Կապուղիներ և TRIPP. ի՞նչ է քննարկել ընդդիմությունը Իրանի դեսպանի հետ
Կոլաժը` VERELQ
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հոկտեմբերի 12-ին այցելել է Ազգային ժողով՝ հանդիպումներ ունենալով նոր ձևավորված խորհրդարանի խմբակցությունների հետ։ Քննարկումների առանցքում են եղել հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիներն ու սահմանային անվտանգության հարցերը։
Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանդիպումները որակել են որպես ընդունված դիվանագիտական պրակտիկա՝ միաժամանակ ընդգծելով Թեհրանի հետ կապերի առանձնահատուկ բնույթը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերությունները համեմատելի չեն որևէ այլ երկրի հետ ունեցած կապերի հետ։
«Մենք քննարկել ենք երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր, Հայաստան-Իրան սահմանի անխափան գործունեության խնդիրները, հաղորդակցությունը»,- լրագրողներին հայտնել է Խաչատրյանը։ Անդրադառնալով տրանսպորտային ԹՐԻՓՓ նախագծին՝ պատգամավորը նշել է, որ անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին։
Իրանական կողմի համար առանցքային է Հայաստանի կայունությունն ու դիմադրողականությունը։ Այս մասին փաստել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով դեսպանի հետ բանակցությունների մանրամասները։
Նրա փոխանցմամբ՝ կողմերը խոսել են փոխգործակցության ակտիվացման մասին, ընդ որում՝ դիվանագետը հատուկ շեշտել է, թե որքան կարևոր է Իրանի համար տեսնել ուժեղ Հայաստան: Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ ծրագրի շուրջ քննարկումներին, Կարապետյանը հաստատել է դրանց առկայությունը, սակայն հավելել. «Այո, բայց չեմ կարող հանրայնացնել»։