Երևանը փնտրում է բալանս, ոչ թե խզում ՌԴ-ի հետ. Փաշինյան
Լուսանկարը` oc-media.org
Ֆրանսիական RFI ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղեգծի մասին՝ շեշտելով, որ Երևանը չի նախատեսում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ չնայած Եվրամիության հետ մերձեցման ծրագրերին:
Պատասխանելով Ռուսաստանից ունեցած կախվածության և տնտեսական ճնշումների վերաբերյալ հարցերին՝ Փաշինյանը պարզաբանել է, որ Հայաստանի նպատակն է սակավաթիվ գործընկերներից կախվածությունը փոխարինել բազմաթիվ ուղղություններով։ Կառավարության ղեկավարն ընդգծել է հայկական արտադրողների և ներմուծողների համար այլընտրանքների ստեղծման կարևորությունը։
Որպես օրինակ նա մատնանշել է նավթամթերքի շուկայի ապամոնոպոլացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կարողացել է ավելի մեղմ հաղթահարել Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետևանքով համաշխարհային շուկայում առաջացած վառելիքային ճգնաժամերը։ Մեկնաբանելով մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրություն կատարելու պահանջների մասին դիտարկումը՝ վարչապետը նշել է, որ քաղաքական գործիչների և կառավարությունների խնդիրը հենց անլուծելի հավասարումներ լուծելն է։
Միևնույն ժամանակ, ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումն այս տարի նա անիրատեսական է համարել, քանի որ երկիրը դեռևս պաշտոնական հայտ չի ներկայացրել և պատրաստ չէ անդամակցությանը՝ բարեփոխումների անհրաժեշտության պատճառով։
Ըստ Փաշինյանի՝ հայտ ներկայացնելը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է ենթադրի գործընթացի հասունության որոշակի մակարդակ։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ապագային՝ վարչապետը նշել է, որ Երևանը ցանկանում է զարգացնել դրանք։ «Մեր նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը կամ վատթարացումը»,- հայտարարել է Փաշինյանը։
Սակայն նա արձանագրել է երկկողմ կապերի վերափոխման անխուսափելիությունը՝ անկախ քաղաքական առաջնորդությունից։ Ըստ վարչապետի՝ հարաբերություններն այլևս չեն կարող նախկինի պես լինել, քանի որ իրավիճակը փոխվել է. նախկինում կար կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, իսկ հիմա խաղաղություն է։