8.11.2025
Ջուլհակյան․ Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսել, այլև հզորացնել գործնական քայլերով
02.10.2025
Ջուլհակյան․ Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսել, այլև հզորացնել գործնական քայլերով

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանի փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանին: ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախագահող: Հարգելի՛ գործընկերներ, Երիտասարդները ոչ միայն վաղվա օրվա հույսն են, այլեւ այսօրվա փոփոխությունների առաջնորդները: Ամբողջ Եվրոպայում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում երիտասարդները շարունակում են բախվել զգալի խոչընդոտների՝ քաջաբար մարտահրավեր նետելով ավտորիտարիզմին, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պահանջելով ներառական մասնակցություն որոշումների կայացման գործընթացներին: Նրանց էներգիան, ստեղծագործ լինելը եւ պայքարը մեզ հիշեցնում են, որ ժողովրդավարությունը կենդանի, շնչող գործընթաց է, որը պահանջում է մշտական խնամք եւ պաշտպանություն: Հայաստանում մենք անձամբ ականատես ենք եղել երիտասարդական ակտիվիզմի վերափոխող ուժին: 2018 թվականի խաղաղ, թավշյա հեղափոխությունը խթանվել է կոռուպցիային վերջ դնելու եւ թափանցիկության ու արդարադատության վրա հիմնված ժողովրդավարական ապագա կառուցելու վճռականությամբ լի երիտասարդ քաղաքացիների կողմից: Արդյունքում, այժմ մենք ունենք աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանը: Գործընկերնե՛ր, մենք պետք է ոչ միայն լսենք երիտասարդների ձայնը, այլեւ հզորացնենք նրանց կոնկրետ մեխանիզմների միջոցով: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս տարվա սկզբին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Երիտասարդության մասին» օրենքը, որը նոր խթան հաղորդեց երիտասարդների հզորացմանը եւ նրանց մասնակցության խթանմանը Հայաստանում ընթացող գործընթացներին: Եվրոպայի խորհուրդը եւ դրա անդամ պետությունները կարեւոր դեր են խաղում երիտասարդական շարժումների աջակցության գործում: Դրա համար ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի իմ գործընկերներին՝ երիտասարդական հարցերում իրենց դերի եւ աշխատանքի համար: Մենք պետք է շարունակենք ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել ազատորեն եւ առանց վախի: Որպես հայ պատգամավոր՝ ես վերահաստատում եմ մեր հավատարմությունն այս սկզբունքներին: Հայաստանը հանձնառու է խթանել երիտասարդների ներգրավվածությունը՝ որպես մեր ժողովրդավարական զարգացման անկյունաքար: Մենք կաշխատենք Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ՝ զեկույցի առաջարկությունները կյանքի կոչելու եւ այնպիսի հասարակություն ստեղծելու համար, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալու մեր համատեղ ժողովրդավարական ապագայի մեջ: Շնորհակալություն»,- եզրափակել է պատգամավորը: