13.10.2026
Լուսանկարը` DW
prev Նախորդ նորություն

Թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով՝ չնայած ԴՊՀ-ի որոշմանը․ կարևորը Binance Research-ից

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի բարձրացումը սովորաբար ճնշում է ռիսկային ակտիվների վրա, սակայն սեպտեմբերին թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով՝ հասնելով 2,99 տրլն դոլարի։ Աճը չի կանգնեցրել նույնիսկ այն հանգամանքը, որ ԱՄՆ Սենատը չի աջակցել ոլորտի կարգավորմանն ուղղված CLARITY օրինագծին։ Binance Research-ի վերջին զեկույցի հիման վրա ներկայացնում ենք, թե ինչն է աջակցել շուկային, ինչ ազդակ է տվել բիթքոյնը և ինչին արժե ուշադրություն դարձնել հոկտեմբերին։



Աճ՝ չնայած անբարենպաստ պայմաններին

Սեպտեմբերին միաժամանակ մի քանի գործոն անբարենպաստ էր շուկայի համար։ Սեպտեմբերի 16-ին ԴՊՀ-ն տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 3,75–4,00%-ի, իսկ կոմիտեի անդամների մեծամասնությունն ակնկալում է ևս մեկ բարձրացում մինչև տարեվերջ։ ԱՄՆ-ում գնաճը պահպանվում է 3,4% մակարդակում։ Բացի այդ, սեպտեմբերի 15-ին CLARITY օրինագիծը Սենատում չի հավաքել անհրաժեշտ ձայները՝ 49 կողմ և 50 դեմ՝ պահանջվող 60 կողմ ձայնի պայմաններում։

Շուկան դիմակայել է այս ճնշմանը։ Հիմնական աջակցությունն ապահովել է ETF-ների միջոցով ձևավորված պահանջարկը․ բիթքոյնի սփոթ ֆոնդերը մեկ ամսում ներգրավել են 3,49 մլրդ դոլար, որից 2,4 մլրդը՝ սեպտեմբերի 21–25-ի մեկ շաբաթվա ընթացքում։ Սա լավագույն արդյունքն է 2025 թվականի հոկտեմբերից ի վեր։ Սեպտեմբերի 23-ին ֆոնդերի՝ տարեսկզբից հաշվարկված ընդհանուր զուտ ներհոսքն առաջին անգամ դարձել է դրական։

Կապիտալացմամբ առաջատար տասը կրիպտոարժույթների շարքում աճի առաջատարներն են ZEC-ը (+65,9%), LINK-ը (+26,7%) և SOL-ը (+19,1%)։ BTC-ն աճել է 8,6%-ով։

Կապիտալացմամբ առաջատար տասը կրիպտոարժույթների եկամտաբերությունը 2026 թվականի սեպտեմբերին



Աղբյուր՝ CoinGecko, Binance Research, տվյալները՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Բիթքոյն․ «ոսկե խաչ»՝ 293 օր անց

Սեպտեմբերի 8-ին BTC-ի 50-օրյա շարժվող միջինը բարձրացել է 200-օրյա շարժվող միջինից վեր։ Սա կոչվում է «ոսկե խաչ»։ Դրան նախորդել է 293 օր, երբ կարճաժամկետ միջինը ցածր էր երկարաժամկետից։ Այդ պահից ի վեր դրանց միջև տարբերությունն աճել է՝ հասնելով մոտ 7 500 դոլարի։

Binance Research-ի տվյալներով՝ անկման երկարատև՝ առնվազն 150 օր տևած ժամանակահատվածներից հետո նման ազդակը պատմականորեն ուղեկցել է ամենաուժեղ վերականգնումներից մի քանիսին։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են․ դիտարկումների քանակը փոքր է, իսկ «ոսկե խաչը» ավելի շուտ հաստատում է արդեն սկսված միտման շրջադարձը, քան սկիզբ տալիս դրան։

BTC-ի գինը, 50-օրյա և 200-օրյա շարժվող միջինները, 2026 թվական

Աղբյուր՝ CoinGecko, Binance Research, տվյալները՝ 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ։


Հիմնական ռիսկը՝ պարտատոմսերի եկամտաբերությունը

Տարվա առաջին կեսին բիթքոյնը գրեթե չէր արձագանքում ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությանը։ 2026 թվականի կեսերից այդ կապը դարձել է նկատելիորեն բացասական․ երբ աճում է 10-ամյա պարտատոմսերի իրական եկամտաբերությունը, BTC-ն սովորաբար թուլանում է։ Օգոստոսին հարաբերակցության գործակիցը նվազել է մինչև −0,31՝ հասնելով 2010 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։

Սա տեսանելի էր ԴՊՀ-ի նիստին նախորդող և հաջորդող օրերին։ Նիստից առաջ իրական եկամտաբերությունն աճում էր, իսկ BTC-ն ընկել էր մինչև սեպտեմբերյան նվազագույնը։ Որոշումից հետո եկամտաբերությունը փոքր-ինչ նվազել է, և BTC-ն վերականգնվել է՝ հասնելով 86 000 դոլարի։ Այնուհետև եկամտաբերությունը կրկին սկսել է աճել, իսկ BTC-ն իջել է 84 000 դոլարից ցածր։ Տասը տարվա պարտատոմսերի եկամտաբերությունն այժմ 2007 թվականից ի վեր առավելագույն մակարդակում է, և դրա հետագա աճը կարող է ճնշում գործադրել բիթքոյնի վրա։

BTC-ի և ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերության 90-օրյա հարաբերակցությունը




Դեղին գիծը ցույց է տալիս BTC-ի և ԱՄՆ 10-ամյա պարտատոմսերի իրական եկամտաբերության հարաբերակցությունը։ Աղբյուր՝ Binance Research, տվյալները՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ։


OpenAI-ի և Anthropic-ի pre-IPO ֆյուչերսները

Binance-ում առևտուր են անում այն ընկերությունների բաժնետոմսերի անժամկետ ֆյուչերսներով, որոնք դեռ բորսա չեն դուրս եկել։ Սեպտեմբերին OpenAI-ի և Anthropic-ի պայմանագրերով առևտրի ծավալն աճել է ավելի քան կրկնակի՝ հասնելով 1,3 մլրդ դոլարի։ Առիթը IPO-ի՝ բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկի ժամկետների մասին լուրերն էին․ Reuters-ի տվյալներով՝ Anthropic-ը բորսայում ցուցակագրումը տեղափոխել է նոյեմբեր, իսկ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը հետաձգել է 2026 թվականին նախատեսված IPO-ն։

OpenAI-ի պայմանագրով շրջանառությունը կազմել է 755 մլն դոլար՝ մոտ չորս անգամ ավելի, քան օգոստոսին։ Anthropic-ի պայմանագրով բաց դիրքերի ընդհանուր արժեքը հասել է ռեկորդային 37 մլն դոլարի։ Առևտուրն ակտիվ է եղել նաև հանգստյան օրերին․ սեպտեմբերի 7–13-ի շաբաթվա ընթացքում շաբաթ և կիրակի օրերի միջին ծավալը կազմել է աշխատանքային օրերի ցուցանիշի 94%-ը։ Քանի դեռ այս ընկերությունների բաժնետոմսերը բորսայում հասանելի չեն, նման պայմանագրերը ծառայում են որպես դրանց արժեքի շուրջօրյա գնահատման հարթակ։

OpenAI-ի և Anthropic-ի pre-IPO ֆյուչերսներով առևտրի ծավալը Binance-ում



Աղբյուր՝ Binance Research, տվյալները՝ 2026 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ։

Թոքենացված բաժնետոմսերն ավելի ակտիվ են օգտագործվում DeFi-ում

bStocks թոքենացված բաժնետոմսերն ավելի ու ավելի ակտիվ են օգտագործվում ապակենտրոնացված ֆինանսների՝ DeFi-ի ոլորտում։ Արձանագրություններում ներգրավված դրանց արժեքի մասնաբաժինը հասել է 11,2%-ի։ Սա 3,8 տոկոսային կետով բարձր է թոքենացված բաժնետոմսերի ամբողջ շուկայի միջին ցուցանիշից, որը մոտ 7,4% է։

Հիմնական պատճառը վարկավորումն է։ Հունիսի վերջին bStocks-ի գրավադրմամբ ներգրավված փոխառությունների ծավալը կազմում էր ներդրված գրավային ապահովման 5,5%-ը, իսկ սեպտեմբերի սկզբին՝ արդեն 46,2%-ը։ Binance Research-ի գնահատմամբ՝ շուկան կարող է աճել ոչ միայն նոր թոքենների թողարկման, այլև արդեն թողարկված թոքենների ավելի ակտիվ օգտագործման հաշվին։

DeFi-ում օգտագործվող թոքենացված բաժնետոմսերի մասնաբաժինը․ bStocks-ը և շուկան ընդհանուր առմամբ



Աղբյուր՝ DefiLlama, Binance Research, տվյալները՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ։

Ինչին հետևել հոկտեմբերին

Binance Research-ը հոկտեմբերի համար առանձնացնում է երկու հիմնական հարց։ Առաջինը՝ կպահպանվի՞ արդյոք թվային ակտիվների պահանջարկը պարտատոմսերի եկամտաբերության աճի պայմաններում։ Այստեղ առանցքային ամսաթվերն են հոկտեմբերի 14-ը, երբ կհրապարակվեն ԱՄՆ գնաճի տվյալները, և հոկտեմբերի 27-ը, երբ ԴՊՀ-ն կընդունի իր որոշումը։ Գնաճի վերջին տվյալներից հետո տոկոսադրույքի հերթական բարձրացման հավանականությունը նվազել է՝ հասնելով մոտ 35–40%-ի։

Երկրորդ հարցը կարգավորումն է․ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի՝ SEC-ի՝ թվային ակտիվների վերաբերյալ առաջարկի շուրջ մեկնաբանություններն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը, իսկ CLARITY օրինագծի ճակատագիրը կարող է որոշվել նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո։

2026 թվականի հոկտեմբերի առանցքային իրադարձությունները



Աղբյուր՝ Cryptoevents, Binance Research։

Binance Research-ի «Monthly Market Insights — October 2026» ամբողջական զեկույցը այստեղ:  

Նյութը տեղեկատվական բնույթ է կրում և ներդրումային առաջարկություն չէ։

 Լուսանկարը` gazeta.ru
12.10.2026
ԵԱՀԿ նախագահը գալիս է Երևան. օրակարգում խաղաղության հարցն է