12.10.2026
Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին
prev Նախորդ նորություն

Մոկսվան հայտարարել է, որ ռազմական գործողությունները

Լուսանկարը` DW
Լուսանկարը` DW

Մոսկվան մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները կամ զիջումների գնալ Ուկրաինայի ղեկավարությանը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազդարարված այսպես կոչված «էներգետիկ զինադադարին»։


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է հետևողականորեն հասնել ռազմական գործողություններում դրված նպատակներին։ Պատասխանելով մարտադաշտում ճնշումը հնարավոր թուլացնելու մասին լրագրողների հարցերին՝ նախարարը վերահաստատել է Կրեմլի կոշտ դիրքորոշումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ։


«Չեմ կարծում, որ նա արժանի է դադարի։ Չեմ կարծում, թե մենք հերթական անգամ կխաբվենք հավաստիացումներին ու խոստումներին»,- հայտարարել է դիվանագետը, գրում է Ինտերֆաքսը:


Լավրովը նաև հիշեցրել է, որ ռուսական գործողության խնդիրներն անփոփոխ են մնում դրա հենց սկզբից՝ ի տարբերություն Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների քաղաքական ուղղենիշի։ «Նախագահն այդ մասին շատ հստակ ասել է՝ մենք շարունակում ենք հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Մենք դրանք երբեք չենք փոխել՝ ի տարբերություն Զելենսկու և նրա եվրոպացի տերերի զիգզագների և խուսանավումների։ Հետևաբար, մենք ոչ մեկի առաջ արդարանալու կարիք չունենք»,- եզրափակել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Մոսկվայի և Կիևի միջև այսպես կոչված էներգետիկ զինադադարի ձեռքբերման մասին։ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին սկզբնապես հերքել էր նման համաձայնության գոյությունը, սակայն ավելի ուշ հրահանգել էր զինված ուժերին զերծ մնալ ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։


Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Ռուսաստանը դեռ վերջնական համաձայնություն չի տվել առաջարկվող պայմաններին, որոնք նախատեսում են միայն նավթավերամշակման գործարանների դեմ հարվածների փոխադարձ դադարեցում։ Կիևում այս պայմանն անհավասարազոր են համարում՝ պնդելով, որ Մոսկվան պետք է դադարեցնի հարձակումներն ուկրաինական ողջ էլեկտրացանցի վրա։


Գործարքի կայացման հարցում ամերիկյան վարչակազմի ակտիվությունը մեծապես պայմանավորված է ԱՄՆ-ում վառելիքի գների աճի մտահոգություններով:


Էներգետիկ հրադադարի այս գործընթացներին զուգահեռ՝ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հետ ռուսական դիզելային վառելիքն ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին:


Այս իրադարձությունների, ինչպես նաև Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու անհրաժեշտության մասին Սպիտակ տան ղեկավարի արած հայտարարությունների ֆոնին, Զելենսկին հանդես էր եկել Մոսկվային 60-օրյա համապարփակ զինադադար պարտադրելու նախաձեռնությամբ, ինչը հնարավորություն կտար պատերազմող երկրում ընտրություններ կազմակերպել:

 Լուսանկարը` gazeta.ru
12.10.2026
ԵԱՀԿ նախագահը գալիս է Երևան. օրակարգում խաղաղության հարցն է