Հորմուզի նեղուցի վերաբացում. Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատասխանը
Լուսանկարը` canberratimes.com
Իրանը շարունակում է ուսումնասիրել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը և վերջնական որոշումը Վաշինգտոնին կփոխանցի միջնորդների միջոցով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային այլ հակամարտություններին, գրում է Reuters-ը:
Դիվանագետի խոսքով՝ Կատարն ու Պակիստանը շարունակում են հանդես գալ որպես միջնորդներ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով սկսված պատերազմին վերջ դնելու բանակցություններում: Հունիսյան զինադադարի ձախողումից հետո, սեպտեմբերի կեսերին Իրանը ներկայացրել էր իր առաջարկը, սակայն գործընթացը մտել է փակուղի։
Իրանի անվտանգության գերատեսչության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ ամերիկյան կողմը չի բավարարել նեղուցի բացման և բանակցություններին վերադառնալու Թեհրանի առաջ քաշած յոթ պայմանները: Տարաձայնությունների հիմնական պատճառն այն է, որ Վաշինգտոնը պնդում է բանակցությունները սկսել Իրանի միջուկային ծրագրի քննարկմամբ։
Թեհրանը, մինչդեռ, պահանջում է նախ կենտրոնանալ նեղուցի անվտանգության վրա, որով նախկինում անցնում էր նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային առևտրի մեկ հինգերորդը։
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի և Թեհրանի դաշնակից եմենյան հութիների միջև հակամարտությանը՝ Բաղային վերահաստատել է Իրանի աջակցությունը ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:
«Եմենի հարցը վաղուց պետք է լուծվեր ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզով, և մենք ասել էինք, որ կաջակցենք եմենցիների և սաուդցիների միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության... Մեր պահանջն է, որ այս իրավիճակը լուծվի երկխոսության միջոցով»,- շեշտել է խոսնակը: