Հաջորդն ովքե՞ր են SMS ստանալու. ՄԱՄՈՒԼ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը եւ դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաեւ այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։ Փաշինյանը դժգոհ է նրանից, քանի որ փարաքարցի Նարեկ Մկրտչյանն իր հարազատ գյուղում չի կարողանում ազդեցություն ունենալ եւ իրավիճակը կառավարելի դարձնել:
Փարաքար համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն վերջին ընտրություններում մեծամասնության քվեն չստացավ, միայն գործարքի շնորհիվ 2 տարով համայնքի ղեկավարի պաշտոնը զիջեց ամենաքիչ ձայներ ստացած ուժին, ապա քրեական հետապնդումներով մի կերպ պոկեց այդ պաշտոնը Մինասյան դաշինքից, բայց մայիսին իր նշանակած համայնքապետն օրերս մի փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց եւ հրաժարական տվեց՝ քրեական աղմկահարույց պատմության կիզակետում հայտնվելուց հետո։ Իսկ Անահիտ Ավանեսյանի մասով մեր աղբյուրներն ասում են՝ համակարգը վատ վիճակում է` գոնե այն մասով, որը վերաբերում է պետական կառավարմանը, եւ ձախողված է առողջապահական ապահովագրության ներդրման հարցը։ Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաեւ մարզպետաց դասին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տեղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու, որոնց մասին թիմում բացահայտ խոսում են, որ թմրանյութերի հանդեպ սեր ունեն։ Նրանց մեջ պատգամավորներ կան, նախարարներ։ ՔՊ-ում թմրանյութերի նկատմամբ հակվածության մասին հատկապես շատ է խոսում Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, Հրաչ Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է «դեղ ցրողներ», «նարկոբարոններ» եւ այլ արտահայտությունների համար կանչվել վարչություն` պատասխան տալու։ Չնայած «գորգի վրա» հայտարարել է, թե ապացուցեք, որ նման բան եմ ասել, սակայն ակնարկել է, որ այնպես չէ, թե թիմին խորթ երեւույթ է թմրամոլությունը, եւ խոսքում ասել է, որ պետք է հետաքրքրվել, ու ամեն ինչ կպարզվի։
Ի դեպ, երեկ Կարեն Սարուխանյանի մասին լուրեր տարածվելուց հետո ԱԺ կուլիսներում որոշ իշխանականներ խոսում էին, թե տեսնենք՝ Սարուխանյանին կհորդորի՞ մանդատը դնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող խմբակցության ներսում ներթիմային գզվռտոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը վերջերս խմբակցության փակ նիստերից մեկի ժամանակ թեժ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ կանանց ներկայությամբ հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին. նիստին ներկա ՔՊ-ականները մի կերպ են սաստել նրանց, որպեսզի մեծ վիճաբանություն չլինի։ Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանն էլ, պատժից խուսափելու, միջադեպը կոծկելու համար, որ հարցը հանկարծ չհասնի ՔՊ վարչություն եւ Փաշինյանն իրենց էլ «չարժանացնի» Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի ճակատագրին, ԱԺ-ից դուրս խոսել են իրար հետ, փորձել խնդիրները հարթել։ Բայց խմբակցության կանայք բարկացած են, քանի որ հայհոյախառն արտահայտությունները իրենց ներկայությամբ են հնչել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ պատգամավորներից ստացած տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Սիսակ Գաբրիելյանի հետ, սակայն նա մեր զանգին չպատասխանեց, Քոչարյանը՝ եւս: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Անդրանիկ Քոչարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Քոչարյանը թիմակիցների հետ առանձնազրույցների ժամանակ տհաճ ռեպլիկներ է թողել Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչյա Հակոբյանի հասցեին ու պիտակավորել վերջիններիս: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը վատաբանել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ ե՛ւ Հրաչյա Հակոբյանը ե՛ւ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Քոչարյանը պետք է ապացուցի, կա՛մ պատասխան տա սուտ խոսելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ բլոկի մասնակցությամբ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական լսումները ճակատագրական դարձան ուժային պաշտոնյաների եւ կոնկրետ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար. Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է: Կհարցնեք՝ ի՞նչ կապ ուներ Անդրանիկ Քոչարյանի բեմադրած պառլամենտական քննարկումը «ուժայիններին գլխատելու» պրոցեսի հետ. բացատրենք: Ճակատագրական նոյեմբերի 17-ի գիշերը` կիրակի, երբ Նիկոլ Փաշինյանը հարսանիքից հետո հրահանգել էր իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տեղեկացնել 6 պաշտոնյաներին, որ պետք է առավոտյան ազատման դիմումներ գրեն, իշխանական, իսկ ավելի կոնկրետ՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխկապակցված Radar Armenia-ն հայտնեց, որ ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը։ Այսինքն՝ կուսակցությունում արդեն գիտեին, որ ուժայիններին պատժելուն զուգահեռ նաեւ խորհրդարանականները պետք է պատժվեն:
Իսկ ինչ էր արել Նարեկ Զեյնալյանը. նա ամբիոնից կշտամբել էր Արգիշտի Քյարամյանին թե՝ Ձեր աշխատասենյակում չեք, որ նման ժեստիկուլյացիայով եք խոսում պատգամավորների հետ: Բացի այդ, նա ոչ խոսափողի մոտ, բայց օգտագործել էր նաեւ «սեւ շորերով պատգամավորի», իսկ իրականում ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի բառապաշարը՝ «կուռաժիտ լինելու» մասին, ինչը չներվեց Զեյնալյանին: ՔՊ-ն համարում է, որ Զեյնալյանը խախտել է պատգամավորի վարքականոնի մասին ՀՀ օրենքը եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ նա պետք է հեռանա: Նարեկ Զեյնալյանը, իհարկե, չի դիմադրել եւ անմիջապես ենթարկվել է Փաշինյանի պահանջին՝ ներկայացնելով մանդատից հրաժարվելու դիմում. բայց եւ նեղ շրջապատում դժգոհել է, թե ՔՊ պատգամավորներ կան՝ այնպիսի արարքներ են թույլ տվել ու անպատիժ մնացել, որ տարակուսելի է, թե ինչու հենց ինքը պետք է պատիժ կրեր: Նա հերթով հիշել է թե՝ Արթուր Հովհաննիսյանը խայտառակ վարքագիծ դրսեւորեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստում, չպատժվեց, Հակոբ Ասլանյանը հայհոյեց Եռաբլուրում, չպատժվեց, Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, չպատժվեց եւ այլն: Նա հարցը քննարկել է նաեւ իրեն ՔՊ թիմ բերած ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, ով եւս տարակուսել է, որ ՔՊ-ականներին այնպիսի աններելի բաներ են ներվել, որ Զեյնալյանին հեռանալ պարտադրելը անարդար է: Բայց ահա այդպիսի զգացումներով՝ Զեյնալյանը հեռացել է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անտուն ՔՊ-ականը, ով Երեւանի ավագանու անդամից դարձավ պատգամավոր, անմիջապես տուն է ձեռք բերել։ Այսպիսով՝ նորանոր նվաճումներ է արձանագրում «Թավշյա հեղափոխությունը». ցավոք՝ միայն հեղափոխականների համար։ ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը լրացրել է Երեւանի ավագանիում պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ըստ որի՝ ուներ ընդամենը կանխիկ 500 հազար դրամ, ուրիշ՝ ոչինչ։ Մի քանի ամիս անց, արդեն որպես ԱԺ պատգամավոր Եղիազարյանը ձեռք է բերել Երեւանում բնակարան 1/4 համամասնությամբ, 36 միլիոն դրամ արժեքով՝ ենթադրենք 9 միլիոն դրամ մեկ անձի հաշվով։ Ուշագրավը այն է, որ բնակարանի գործարքի մյուս կողմը` ըստ էության վաճառողը, Երեւանի քաղաքապետարանն է։ Այսինքն՝ պատգամավորը քաղաքապետարանից բնակարան է ձեռք բերել շուկայականից էժան գնով: Երբվանից է քաղաքապետարանը բնակարաններ վաճառում ՔՊ-ականներին` հայտնի չէ, բայց հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որ այս հարցը ճշտի ու հետեւություններ անի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է. նա, բացի կաշառք պահանջելու վարույթից, նաեւ այլ գործով, ենթադրաբար, միջամտել է արդարադատությանը, որը քրեորեն պատժելի արարք է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երկուշաբթի՝ առավոտ, հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում առերես հարցաքննվել է Հովիկ Աղազարյանը, եւ այդ ընթացքում երկու քաղաքացիները պնդել են, որ Աղազարյանը իրենցից կաշառք է պահանջել մանր եղջերավոր կենդանիների արտահանումը անխոչընդոտ կազմակերպելու համար:
Իսկ նրա որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ: ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դա անօրինականություն է, դրա համար էլ Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում են արգելանքի տակ:
Անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն փորձում է պարզել, թե ով է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով: ՔՊ-ականները հրաժարվում էին հայտնել կամ խոստովանել, թե ով է միջամտել քրգործի ընթացքին: Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրները հայտնում են` երկու անգամ դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, եւ երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը: Առաջին անգամ դիմել է անձամբ գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, դիմել է քննիչին, ապա Քյարամյանի տեղակալին եւ համոզել նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:
Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին. Այվազյանը դիմումի մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու ստացել մերժում:
Այս իրավիճակում ՔՊ-ական պատգամավորի արարքի ենթադրյալ քրեական ծանրությունը չի պակասում: Նա, ենթադրաբար, խախտել է նախ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը սահմանում են. «Պատգամավորի լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի»: Բացի այդ, քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագով սահմանված է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու եւ խոչընդոտելու արգելքը: Իսկ Աղազարյանն իր դիմումով ենթադրաբար փորձել է խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ նախաքննության վրա:
Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի վարույթից, որն արդեն նախաձեռնված է, նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումներ է թույլ տվել, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի պառլամենտի միջոցով՝ հարուցելով մեղադրանքներ նրա նկատմամբ: Իսկ եթե մինչ այդ նա մանդատը վայր դնի, թերեւս այս քրեական ենթադրյալ հանցանքները կներվեն, կմոռացվեն: Կոռուպցիայի դեմ պայքարը այսպիսին է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ դիմումներ է հղել ՀՀ կառավարությանը, պետական մի շարք գերատեսչությունների՝ ներկայացնելով պահանջ-առաջարկներ և նպատակ ունենալով կառավարությանը ստիպել գործել ի շահ ՀՀ քաղաքացու՝ ապահովելով նրա որակյալ կյանքն ու անվտանգությունը։
«Փաստը» դիմեց Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին՝ ճշտելու՝ այս ընթացքում արդյոք որևէ արձագանք եղե՞լ է, կամ նկատելի՞ են, արդյոք, որոշակի արդյունքներ: Սարգսյանը նախ նշեց, որ նախաձեռնության՝ պետական գերատեսչություններին ուղղված առաջարկ-պահանջները շարունակական են: «Այս պահին պատրաստած 100 առաջարկ-պահանջ ունենք, յուրաքանչյուր շաբաթ դրանք հետևողականորեն ուղարկում ենք: Պատասխանները ստանում ենք բոլոր գերատեսչություններից: Իհարկե, դրանք ստանում ենք մեր նախապես կանխատեսած սցենարի համաձայն: Դրանցից 20 տոկոսը համաձայնում են կատարել, 80 տոկոսի դեպքում դեմ են լինում կատարել: Բայց էլի արդյունքներից գոհ ենք, որովհետև հենց այդպես էլ նպատակադրել ենք: Ստիպում ենք, որ հրատապ խնդիրներին լուծում տան, որովհետև դրանք օգուտ են բերելու Հայաստանի Հանրապետությանը և քաղաքացիներին»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք դրական լուծում չեն ստանում, ներկայացնելու ենք հանրության դատին:
«Ընդ որում, դրանք ավելի լայն թափով կներկայացնենք ընտրություններից առաջ՝ ցույց տալով, որ խնդիրն ախտորոշված է, դրա լուծումը կա, դրա լուծման արդյունքում ձեր կյանքը կարող էր բարելավվել, բայց այս իշխանությունը դա չիրականացրեց: Դրանով կզրկենք այս իշխանությանն ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից»,ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի ժամանակ մեր իշխանության մեջ շատ քիչ էին կանայք, եւ անգամ օրենքով քվոտաներ սահմանվեցին, որ նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կին լինի, եւ գենդերային հավասարությունն ապահովվի: Հիմա հակառակ պրոցեսն է գնում` Նիկոլ Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում. գլխավոր դատախազ, հետախուզության պետ, առողջապահության, արդարադատության, ԿԳՄՍ նախարարներ, ՄԻՊ եւ հիմա` ՆԳ նախարար: Բայց նախորդ նշանակումներից այս վերջինը տարբերվում է նրանով, որ ՆԳՆ-ի կազմում են նաեւ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, որոնք ռեժիմային համակարգեր են` համազգեստ կրող, զինվորական կոչումներով մարդիկ, որոնք պետք է ենթարկվեն 30-ամյա մի աղջնակի, որի միակ առավելությունը վարժ խոսելն է ու Արեւմուտքի հավանությունը: